Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/223

Այս էջը հաստատված է

հիշեց Սմբատի խոսքերը։ Ահա թե որքան է ընկել, որ նրան մի այսպիսի հարց են տալիս՝ լռում է։

Ո՛չ, այլևս նա չի ուզում ընկած մնալ։ Նա կարող է իրեն ուղղել։ Հեռո՛ւ, ապականող շրջան, անքուն գիշերներ, զազրելի զվարճություններ՝ անառակների ընկերության մեջ։

Նա կատաղեց տուալետի սեղանի դեմ։ Եվ մի րոպեում բոլոր սրվակներն ու շշերը լուսամատի միջով սլացան դեպի փողոց, ուր նրանք ջարդ ու փշուր եղան սալահատակի վրա։ Ա՜խ, երանի կարողանար իր ամբողջ անցյալն այդպես խորտակել և նորից սկսեր ապրել։ Այն ժամանակ այդ աղքատ ու հպարտ աղջկան կասեր, «տեսե՛ք, ես արհամարհում եմ ձեր կարծիքը, որովհետև իմ եղբայրն ինձանից ոչ մի բանով բարձր չէ»։

Նայեց ժամացույցին, դեռ յոթ ժամն էր։ Երբեք օրվա այս միջոցին նա տանը չէր եղել։ Այժմ ո՞ւր գնալ, ի՞նչ երեսով երևալ ընկերներին։ Մտածեց, որ Գրիշան դեռ տանն է և ինը ժամից առաջ չի գնում կլուբ։ Մենա՞կ է, արդյոք, ի՞նչ է մտածում, ուրա՞խ է իր արածի համար, պարծենո՞ւմ է ընկերների մոտ, թե՞ զղջում։ Նա զգաց անսովոր կարեկցություն դեպի ընկերները և նրա մեջ հանկարծ հղացավ Գրիշայի հետ տեսնվելու ցանկություն։

— Աղա՛, այս մարդն ուզում է տեսնել,— լսեց նա զանգեզուրցի Բաղդասարի ձայնը։

Ծառան, որ մի անտաշ գյուղացի էր, հագած էր սև սյուրտուկ, սպիտակ փողկապ Միքայելի պատվերով։

— Ասե՞լ ես, որ տանն եմ,— հարցրեց Միքայելը նայելով սպասավորի բերած այցետոմսին, աչքունքը թթվացնելով։

— Ասել եմ։

— Շատ ղալա՛թ ես արել... Խնդրի՛ր ներս...

Ներկայացավ թղթակից Մարզպետունին։ Ցավակցություն հայտնեց, որ ուշ է ներկայանում իր հակակրանքը արտահայտելու համար «տեղի ունեցած վայրենի դեպքի մասին»։ Նա գրգռված էր և սկսեց բողոքել «հասարակական անպիտան վարք ու բարքի դեմ»։ Ակնարկեց, թե դեպքի նկարագրությունն արդեն պատրաստ է լրագրի համար։ Հաբեթյանը