Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/224

Այս էջը հաստատված է

դուրս է բերված մի անբարոյական մարդ, մի հրեշ։ Թող կարդա և ամաչի իր արածից։

— Միայն մի քանի լրացուցիչ տեղեկություններ են հարկավոր,— ավելացրեց թղթակիցը, հուշատետրը ծոցից հանելով,— օրինակ՝ ճշմարի՞տ է, որ դուք նրան մենամարտության եք կանչել, Հաբեթյանը փախել է երկչոտությամբ։

— Ո՛չ, սուտ է։

— Ճշմարի՞տ է, որ... — կամեցավ շարունակել թղթակիցը և հանկարծ կանգ առավ զարմացած։

Միքայելը բացարձակ ցույց տվեց, թե մտադիր չէ նրա հարցերին պատասխան տալու։ Նա, գրիչը վերցնելով, ձևացավ, թե գործ ունի։

— Ներեցեք, կարծեմ, ես ձեզ խանգարեցի,— ասաց թղթակիցը, հուշատետրը կամացուկ ծոցը դնելով։

— Այո՛, ես մի քիչ զբաղված եմ,— ասաց Միքայելը, չթաքցնելով իր ձանձրույթը։

— Ներեցեք, ես ուզում էի ձեզ պաշտպանել մամուլի միջոցով։

— Բայց մի՞թե կարիք կա ամեն մի մասնավոր դեպք լրագրին հաղորդելու:

— Ո՛չ, այդ մասնավոր դեպք չէ, այլ հասարակական երևույթ։ Ես իբրև մեր հասարակական բարք ու վարքերի ուսումնասիրող, պարտավոր եմ հաղորդել...

— Այն ժամանակ գրեցեք, ինչ ուզում եք, ես ժամանակ չունեմ քննության ենթարկվելու։

— Շատ գեղեցիկ, շատ հիանալի, պարոն Ալիմյան: Կնշանակե, ես ստիպված կլինեմ դիմել պարոն Հաբեթյանի աջակցությանը։ Նա բոլորը կասի, իսկ ես... ես պարտավոր եմ բոլորը գրել... Դա հասարակական երևույթ է...

— Գնացե՛ք, ուրեմն նրա մոտ, որքան շուտ, այնքան լավ,— գոչեց Միքայելը, հասկանալով թղթակցի քսու միտքը։

Մարզպետունին ամբողջ մամուլի պատիվը շոշափված գդալով, դուրս գնաց, մտքում պատրաստելով մի կծու հոդված, որով պիտի ջարդ ու փշուր աներ բուրժուազիային։