Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/225

Այս էջը հաստատված է

Ա՜խ, այդ բուրժուաները, երբեք չպիտի աշխատել նրանց դուր գալ... չեն հասկանում, չեն գնահատում։

Նույն րոպեին, կուչ գալով և փոքրացած, ներս սլկվեց արծաթագործ-ակնավաճառ Բարսեղը։ Ի՜նչ անիրավություն, ի՜նչ լրբություն. եթե Ալիմյանների պես մեծամեծների պատվին էլ դիպչում են, էլ ի՞նչ պիտի անեն Բարսեղի նման «խեղճ մարդիկ»։ Աշխարհը փչացել է, մեծ ու պստիկ չկա։ Մարկոս աղայի որդին կլուբում ապտակ ստանա՞, և քաղաքը տակն ու վրա չլինի՞... լսվա՞ծ բան է... Երեք օր է Բարսեղը շարունակ կռվում է բոլորի հետ։ Չար լեզուներն ասում են, որ իբր Միքայել աղան դուելից հետ է կանգնել։ Իհարկե, Բարսեղը, Միքայել աղայի ցավն առնի նա, ամենի հետ կռվում է այս մասին։ Հաբեթյանն ո՞վ է, որ Ալիմյանը նրա հետ ճակատ-ճակատի կանգնի։ Փիե՜, աշխարհը քանդվե՞լ է, էլ մարդ չի՞ մնացել, որ Միքայել աղան ինքը գնա ու ձեռները կեղտոտի։ Այնքան բարեկամներ ունի, բավական է մեկին հրամայի, Հաբեթյանի «գլուխը կթռցնեն սխտորի պես»։

— Ես ինքս, ցավդ առնեմ, խեղճ տեղովս նրա միսը դոլմա շինել կտամ, շներին կուտացնեմ։ Թոկից փախածներ կան ձեռքիս տակ, որ մատդ բարձրացնես, մարդու ծոցից գիշերը կնոջը կհանեն։

Նայելով ակնավաճառի փոքրիկ աչքերին, շիկակարմրագույն դեմքին, Միքայելն զգաց անսովոր զզվանք։

— Ես ոչ ոքի օգնության կարոտ չեմ, — ասաց նա, հասկացնելով, որ երկար խոսելու ախորժակ չունի։

— Իհարկե, իհարկե։

— Դե լավ, դո՛ւրս եկ, — պատվիրեց Միքայելը բավական խիստ եղանակով։

— Ակնավաճառը դուրս գնաց փոշման, ատամները կրճտելով։

— Միքայելը կանչեց Բաղդասարին և հրամայեց այլևս ոչ ոքի չընդունել։ Բայց հենց հրամանը տալիս' ներս մտավ Սուլյանը, որի աչքերի վերին կոպերը խորին զայրույթից միանգամայն անհետացել էին ունքերի տակ։ Այդ ի՞նչ վայրենություն է, այդ ի՞նչ հանդգնություն է և ո՞վ է ում վրա