Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/229

Այս էջը հաստատված է

— Ամոթ չլինի հարցնելը, ի՞նչ բաժնի մասին ես խոսում։

Մարդ ու կին նայեցին միմյանց երեսի, անշուշտ, Միքայելին մի բան է պատահել։

— Մեր հալալ բաժնի,— պատասխանեց Իսակը, ուսերը վեր քաշելով։

— Գիտես ի՞նչ, փեսա, ես Սմբատի հետ չեմ ուզում վեճի բռնվել, զուր եք մարդ ու կին ուզում ինձ խելքից հանել...

— Ի՞նչ, ի՞նչ,— գոչեց Մարթան, — դու չես ուզում, ես ուզում եմ, իմ երեխաներն ուզում են։

— Դու ժառանգ չես և իրավունք չունիս բաժին պահանջելու...

— Էհե՜, այդ էր պակաս։ Չէ՛, Իսակ, եղբորս խելքից հանել են...

— Կարելի է բոլորովի՞ն չես ուզում դատ սկսել,— հարցրեց Իսակը։

— Եթե կամենում ես ճիշտն իմանալ, այո՛, բոլորովին,— պատասխանեց Միքայելը։

— Հետաքրքրական է իմանալ, ինչո՞ւ։

— Հենց այնպես, քեֆս չի տալիս։

Մարութխանյանը մի սուր, երկարատև հայացք ձգեց Միքայելի աչքերի մեջ։

— Ի՞նչ ես այդպես մտիկ անում,— բարկացավ Միքայելը կանաչ-դեղնագույն աչքերի անախորժ փայլից — մի՞թե կարծում էիր՝ այնքան ընկած եմ, որ խարդախության կդիմեմ եղբորս դեմ՝ գրպանդ հարստացնելու համար։ Սխալվում ես, ես սրիկա չեմ...

Մարութխանյանն սկսեց անհանգիստ շարժումներ անել։ Բանն այն է, որ նա իր կնոջը հավատացրել էր, թե կոնտրկտակն իսկական է։

— Եթե չես ուզում դատ սկսել,— ասաց նա,— ի՞նչ հարկավոր է ավելորդ խոսելը։ Մարթա՛, վեր կա՛ց, գնանք... Միխայիլ Մարկիչն այսօր քեֆ չունի...

Միքայելը նրա աչքերի մեջ կարդաց կծու հեգնության հետ և մի չար դիտավորություն։ Թվաց նրան, որ այդ աչքերի