Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/230

Այս էջը հաստատված է

մեջ նստած մի զույգ զազրելի սողուններն ինչ-որ դավ են սարքում իր դեմ։

— Գիտե՞ս ինչ, փեսա, արտասանեց նա ակամա, չկարողանալով զսպել նողկանքը,— դու… դու լավ մարդ չես, ներիր ինձ...

Մարութխանյանը հեգնաբար ծիծաղեց բարձրաձայն։ Նրա չոր ձայնը հնչեց որպես մի ցուրտ, անախորժ քամի։ Լամպարի լույսն ընկել էր ուղիղ նրա դեմքի վրա և լուսավորում նրա մի քիչ երկայնաձև գլուխը, որ դդումի ձև ուներ։

— Ես լավ մարդ չեմ, հա՜, հա՜, ա՜,— կրկին ծիծաղեց նա և ոտի կանգնեց.— Մարթա՛, առաջ ընկիր... Ես իմ հաշիվները գիտեմ, լավ մարդ չեմ, բայց իմ հաշիվները գիտեմ...

— Մեխակ,— գոչեց Մարթան, որ զարմացած մերթ նայում էր ամուսնուն, մերթ եղբորը, լավ չըմբռնելով նրանց վեճի իսկական իմաստը,— դու իմ մարդուն վիրավորում ես, խելքդ գլխի՞դ է...

— Առաջ — ո՛չ, այժմ, փառք աստծու, գլխիս է, միայն վախենում եմ, որ այդ մարդը քո խելքը չուտի։ Գիտե՞ս, նա շատ ագահ է, о՜о, շատ ագահ, ամեն բան ուտում է...

— Տեսնենք,— ասաց Իսակը, գլխարկը բազկաթոռի վրայից վերցնելով,— վախենում եմ մի օր այգ խոսքերի համար չփոշմանես, Միխայիլ Մարկիչ։

— Դե լավ, թո՛ղ ինձ հանգիստ, գնա՛ բանիդ...

— Ի՞նչ, դու Մարութխանյանին դո՞ւրս ես անում տնիցդ,— արտասանեց հյուրը, աջ ձեռով գլխարկի եզրը խփելով ձախ ձեռքին,— а что же, վատ մարդ եմ, ես էլ ցույց կտամ իմ վատությունը... Մարթա՛ , գնանք, ես սկանդալիստ չեմ...

Միքայելը լուռ ու վրդովված նայեց քրոջ ու փեսայի հետևից, մինչև որ դուրս գնացին,— կինը հուզված, մարդը սատանայաբար ժպտալով։

–Օ՛ձ,— թռավ ակամա նրա բերանից։

Նա զգաց մի տեսակ թեթևություն։ Հնարովի կտակի խնդիրը նրա համար մի ակամա բեռ էր։ Հոգու խորքում վաղուց էր զգում նրանից ազատվելու պահանջ։ Այժմ ուրախ