Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/231

Այս էջը հաստատված է

էր, որ միանգամից դեն ձգեց ուսերից այդ բեռը։ Դա մի համարձակ քայլ էր նրա համար։ Մի քայլ, որ ներշնչեց նրան եռանդ մի ուրիշ ավելի համարձակ քայլ անելու։ Նայեց ժամացույցին. դեռ նոր էր լրացել ութ ժամը։ Բութ մատի ծայրը սեղմեց ատամներին, նայեց հատակին, ձախ բռունցքը կողքին հենած։

Նա գործեց մի վճռական շարժում, մոտեցավ սեղանին, մատը սեղմեց զանգակի կոճակին։

— Սմբատը տա՞նն է,— հարցրեց Բաղդասարին։

— Հենց էս սհաթիս դուրս գնաց։

— Տուր ինձ վերարկուս։

Նա շտապով հագնվեց և դուրս եկավ հաստատ քայլերով։ Երեք օր էր՝ մտածում էր ու տատանվում։ Այժմ ուզեց, վերջապես, մի հարվածով լուծել հանգույցը։ Թող ինչ լինելու է, լինի։ Նա իր պատիվը մի անգամ արդեն դրել է թղթախաղի, այլևս կանգ առնելը երեխայություն է։ Թող ինչ ուզում են ուրիշները մտածեն։ Նա կանի այն, ինչ որ թելադրում է իր սիրտը։ Նրան տիրել էր անսովոր համարձակություն։ Այն, ինչ որ ուզում էր անել, այլևս նրան չէր թվում այնքան ծանր ու անախորժ, որքան մեկէլ օրը, երեկ, նույնիսկ մի ժամ առաջ։ Վռնդելով իր տնից Մարութխանյանին, նրան թվում էր, թե վռնդեց իր սրտից ամեն մի վեհերություն...

Եղանակը ցուրտ էր, երեկոն սաստիկ մութ։ Թանձր մառախուղի մեջ փողոցային լապտերները ներկայացնում էին մի տեսակ մոխրագույն կետեր։ Բարակ անձրևը սալահատակները թրջել էր և դարձրել լպրծուն։ Նա ստեպ-ստեպ սայթաքում էր, բայց կաոք չէր ուզում նստել։ Հաճելի էր նրան թրջվել անձրևի տակ, ծծել խոնավ օդը, դողդողալ ցրտից։

Քառորդ ժամ անցած, կանգ առավ մի նսրաշեն տան առջև, մտածեց մի վայրկյան և մատը սեղմեց զանգակի կոճակին։ Դռները բացվեցին այն վայրկյանին, երբ մի հանկարծակի մտքից դրդված ուզում էր հեռանալ։

— Տա՞նն է պարոնդ,— հարցրեց ռուս աղախնին, որ երևաց դռան շեմքի վրա։

— Տանն է։