Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/237

Այս էջը հաստատված է

Տանջվելով վիրավորված ինքնասիրության զգացումից՝ միևնույն ժամանակ զգում էր մի տեսակ հոգեկան թեթևություն, որ չկար մի քանի ժամ առաջ։ Հայհոյելով ինքն իրեն, միևնույն ժամանակ հավատացնում էր, թե ուրիշ կերպ չէր կարող անել, թե ընկերը ճիշտ այնպես պիտի վարվեր մի ընկերոջ վերաբերմամբ, որին անգթաբար անպատվել էր։

— Դեպի տո՜ւն,— հրամայեց նա կառապանին։

Այլևս ծանր վիշտը բավական փարատվել էր, մնում էր հանցանքի գիտակցությունը։ Այլևս դառնության հետ զգում էր նաև մի անիմանալի հոգեկան հաճույք։ Նա ուրախ էր, որ Գրիշան կրկնակի վիրավորեց իրեն, վռնդելով իր տնից: Արդյոք, նա ինքն ավելի կոշտ չէ՞ր վարվի, եթե Գրիշայի տեղը լիներ։ Նա այժմ զգում էր մի բան, որ երբեք չէր զգացել, այն, որ վիրավորվածի դրությունն ավելի հաճելի է, քան վիրավորողինը: Քանի իրեն անպայման մեղավոր էր համարում Գրիշայի առջև, տանջվում էր հոգով անպայման, այժմ, երբ Գրիշան վրեժ էր առել նրանից և ինքը, փոխադարձ վրեժ առնելու տեղ, ներումն էր խնդրել — այժմ թվում էր նրան, որ խիղճը համեմատաբար հանգիստ է։ Լավ էր, որ զսպեց իրեն, խոնարհվեց, չհետևելով ընկերների խորհրդին։ Նա կատարեց ոչ այն, ինչ որ պահանջում էր կեղծ ինքնասիրությունը, այլ այն, ինչ որ պահանջում էին անկեղծ զգացումները։ Նա ենթարկվեց այն ներքին դատավորի վճռին, որի մասին խոսում էր Սմբատը։ Այժմ թող բոլորը ծաղրեն նրան, միևնույնն է։

— Արթո՞ւն է,— հարցրեց նա սպասավորին եղբոր մասին։

— Հենց հիմա եկավ տուն։

Նա անցավ Սմբատի սենյակը և անմիջապես պատմեց բոլորը։ Եվ ավագ եղբոր մշտապես մռայլ դեմքի վրա նկատվեց մի երկարատև հաճելի ժպիտ։ Ժպիտ, որ եղբայրական սիրո հետ արտահայտում էր նաև հույս, թե դեռ բոլորը կորած չէ, թե դեռ Միքայելը կարող է ուղիղ ճանապարհի գալ։

— Այդ կնշանակե, որ քո սրտում դեռ կա չփչացած անկյուն,— ասաց Սմբատը։— Այժմ ասա, զգո՞ւմ ես, որ խղճիդ խայթոցը գոնե մի փոքր մեղմացել է։