Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/239

Այս էջը հաստատված է

Մինչ նա աշխատում էր աշխատանքի մեջ մոռանալ վշտերը, հասարակական կարծիքը գործում էր անդուլ նրա բարոյական հռչակի վերաբերմամբ։

Վիրավորական ընդունելությունն Իսահակ Մարութխանյանի սրտում գրգռել Էր բնական չարությունը։ Նա կամենում էր Միքայելին օգնել, ազատել նրան եղբոր անտանելի հովանավորությունից, դարձնել ինքնագլուխ, և հանկարծ, այդ մարդը, շնորհակալ լինելու փոխարեն, վռնդո՞ւմ է իր տնից նրան, այն էլ քրոջ հետ։ Ուրեմն Մարութխանյանը հավիտյան պետք է հույսը կտրի՞ միլիոններից։ Ո՛չ. այդքան էլ հեշտ չէ նրան զրկելը։ Նա չի թողնիլ Ալիմյաններին մենակ վայելելու Մարկոս աղայի հարստությունը։

Հետևալ օրը նա կանչեց իր մոտ Բարսեղին և հայտնեց, թե նրա աշխատանքը զուր է անցել։ Ցույց տալով կոնտր-կտակը, աչքերի առջև պատռեց և գցեց վառարան։ Բարսեղը դեմքը թթվեցրեց։ Կարծեց թե Մարութխանյանը գործը հաշտ կերպով վերջացրել է, իր բաժինն ստացել և այժմ ուրիշի օգնությանը կարոտ չէ։ Նա պահանջեց իր աշխատանքի վարձը։

— Ի՞նչ,— գոչեց Մարութխանյանը ծաղրաբար,— աշխատանքի վա՞րձը։ Ի՞նչ աշխատանքի. խարդախությա՞ն։ Չե՞ս կամենում, արդյոք, բանտի համը տեսնել, հը՞մ... Դու կարծում էիր, Իսակ Մարութխանովն այնքան հիմար է, որ իր կաշին կդնի դատավորների ճիպոտի տակ։ Ներողություն, ես քեզ էի փորձում, թե չէ այդ խարդախ կտակով ես ոչինչ չէի կարող անել... Լսի՛ր, թե բերանդ այդ կտակի մասին ուրիշների մոտ բաց անես, պոզերս ցույց կտամ, ճանաչո՞ւմ ես ինձ...

— Ճանաչում եմ,— արտասանեց Բարսեղը խորհրդավոր,— Բարսեղը ցավդ առնի, մի՛ չարանար։ Մենք խոսքիդ հավատում ենք, մեր ազնիվ իշխանն ես... ամմա դե Մուխան անիծվածի բերանն էլ պիտի կապել․․․

— Այդ ճշմարիտ է...

Մարութխանյանը ծոցի գրպանից հանեց մի քանի հարյուրանոցներ և տվեց Բարuեղին։