աչքի տակով ծուռ֊ծուռ իրարու նայելով և իրարուց ամաչելով կամ իրարուց խրախուսվելով։ Բայց գինու շշերի առաջին շարքը գլուխները տաքացրեց և թրջված լեզուները բացվեցին, ինչպես թառամ բույսերն անձրևի ցողից։
Սմբատը, որ վաղուց չէր տեսել նման հանդեսներ, անցնում էր սենյակից սենյակ և հետաքրքրությամբ դիտում։ Նա ինքը քաղց չէր զգում և զարմանում էր ուտողների ախորժակի վրա։ Շատերն սկսեցին գինու ազդեցությամբ կատակներ անել ու ծիծաղել, միմյանց հյուրասիրելով, որպեսզի իրենք ևս առիթ ունենան խմելու։ Սմբատի զգացումները վիրավորվում էին։ Մի կոշկակար ամեն անգամ բաժակը դատարկելիս, հարևանին արմունկով բոթում էր և աչքով անում` դեմուդեմ նստած իր արհեստակցի կողմը, ձեռը քսելով կրծքին. օխայ, ի՜նչ անուշ է հարստի գինին։ Կային այնպիսիները, որ բերանները կերակրով լեցուն ցինիկ անեկդոտներ էին պատմում և ծիծաղ շարժում։ Ոմանք արդեն կարմիր գինով ներկել էին ճերմակ սփռոցները և վրեն աղ սփռել։ Նրանք, որոնք կշտացել էին, բղկոցն էին տալի։ Մի քանի գործակատարներ զանազան միմոսություններով աշխատում էին միմյանց ծիծաղեցնել։ Նրանց զվարճության գլխավոր առարկան «ադվակատ» Մուխանն էր — դեղնագույն, ուռած քթով մի մարդ, որ կերակրի յուրաքանչյուր պատառը կուլ էր տալիս մերթ գինով, մերթ օղիով։ Մազերը փոշիոտ, գզգզված, ալեխառը միրուքը խճճված շատ գործածված ավելի պես, աչքերի շրջանակները կարմիր, կեղտոտ, հնամաշ անգույն ռեդինկոտը կուչկուչված, նա հիշեցնում էր ասիական բաղնիսի մոխրատան բնակչին։ Առավոտից մինչև երկու-երեք ժամը Մուխանը հաշտարար դատարանի առջև սրա ու նրա համար հատը տասը կոպեկով խնդրագիր էր հորինում կամ օրենքներ բացատրում, իսկ այնուհետև օրվա վաստակածը հանձնում էր օղետներին ամենայն բարեխղճությամբ։
Գործակատարները գցում էին նրա վրա հացի գնդիկներ։ Նրանց նշանակն էր` «ադվակատ»-ի աղյուսագույն պարանոցի խոշորագույն խուլինջը։ Ստեպ-ստեպ նրա դող-դող ձեռներից հատակի վրա էր ընկնում մերթ դանակը,