Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/240

Այս էջը հաստատված է

— Տե՛ս, կեսը գրպանդ չդնես, ես քեզ ուրիշ վարձ կտամ, էլի ինչքան չլինի մեր հարամզադա Բարսեղն ես...

Ակնավաճառի աչքերն ուրախությունից պսպղացին։ Նա լռեց։

Մարութխանյանը, երկու բաժակ թեյ պահանջելով, սկսեց նրա հետ խոսել բարեկամաբար։ Նախ՝ հարցրեց քաղաքի նորությունների մասին, լսեց, ապա, դեմքին ցավակցական արտահայտություն տալով, ակնարկեց Գրիշայի Միքայելին տված ապտակի մասին։ Այնուհետև անփույթ եղանակով շոշափեց ապտակի շարժառիթը, իսկ հետո արդեն պատմեց բոլորը։

— Բայց մեր մեջ մնա, գիտե՞ս,— ավելացրեց նա, թեյը գդալով խառնելով և նայելով բաժակի հատակին։

Նա շատ լավ էր ճանաչում Բարսեղին։ Բարսեղն էլ շատ ճիշտ ըմբռնեց նրա միտքը։

Հենց նույն օրն ակնավաճառը գաղտնիքը հաղորդեց Մելքոն Ավրումյանին։ Նրա մոռացած խանութը դարձավ գրավիչ անկյուն, իսկ ինքը՝ հետաքրքրական անձ։ Եկողին պատմում էր բոլորը, ինչ որ գիտեր, իսկ չիմացածը, հարկավ, հնարում էր։ Նա գոհ էր արդեն այն բանով, որ Պապաշայի պես մի պատկառելի անձնավորություն կատակներ էր անում իր հետ տիկին Ղուլամյանի բեղիկների վերաբերմամբ։ Նա ինքը չարացած էր Միքայելի դեմ այն ժամից, երբ նույնպես վռնդվեց նրա տնից։

Լուրը շուտով ընկերական շրջանից անցավ ամբոխի բերանը։ Եվ որովհետև Միքայելը Մարզպետունուն ևս վատ էր ընդունել, ուստի թղթակիցն էլ իր հոդվածի մեջ թույլ տվեց քանի մի խիստ թափանցիկ ակնարկներ նրա վերաբերմամբ։

Պետրոս Ղուլամյանը դարձավ պարզ արհամարհանքի և երկդիմի ակնարկների նշավակ։ Իսկապես նա այժմ սկսեց զգալ խաբված ամուսնու ծանր դրությունը։ Ամոթից նա չէր վստահանում Պապաշայի երեսին նայել փողոցում։ Իսկ Պապաշան, որ այդ տեսակ ամուսինների հոգեբանությունն այնքան լավ գիտեր, որքան ազգային գործերը, խղճում էր նրան և չէր խոսում հետը։