Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/243

Այս էջը հաստատված է

բաժանվել, «իրավունք չունի», երեխաների տեր է։ Եվ վերջապես, ինչու՞ ինքնասպանություն գործել։ Նրա համա՞ր, որ մեկի հետ դավաճանել է ամուսնուն։ Տե՜ր աստված, ո՞ր կինն այժմ կարող է իրեն արդար համարել ամուսնական առագաստի առջև։

Նա թաքուն Միքայելին ուղարկեց մի ընդարձակ նամակ։ Նկարագրելով իր անել վիճակը, մերթ նախատում էր, մերթ աղերսում օգնել իրեն այս կամ այն կերպ։ Ապօրինի կենակցության մասին այլևս չէր վստահում խոսել, հաստատ համոզված լինելով, որ Միքայելը չի համաձայնվիլ այդ քայլն անել, հասարակական խայտառակությունից հետո։

Նամակն ազդեց Միքայելի վրա, բայց առանց որևէ հետևանքի մնաց։ Եվ ի՞նչ կարող էր անել նա, ինչո՞վ օգներ, երբ բացի խղճի խայթոցից, ոչինչ չէր զգում այդ կնոջ վերաբերմամբ։

Այժմ նա փախչում էր ընկերներից, որոնում էր առանձնություն։ Քաղաքային մթնոլորտը թվում էր նրան խեղդիչ, հուսահատական։ Անիծում էր իր շվայտ անցյալը և զգում իրեն անբարոյականության տիղմի մեջ մինչև կոկորդը թաղված։

Ժամանակն սկսեց հետզհետե մեղմացնել հասարակական բամբասանքի ուժը, և Ալիմյան ու Ղուլամյան ազգանուններն առաջվա պես չէին անցնում բերանից- բերան։ Գործնական քաղաքը ժամանակ չուներ շատ էլ երկար զբաղվելու ընտանեկան դրամաներով։ Բացի դրանից, առաջ եկան ուրիշ ավելի հետաքրքրական դեպքեր։ Այժմ քաղաքը խոսում էր մի հայտնի առևտրականի ինքնասպանության շարժառիթի մասին։ Հիշվում էին ինքնասպանի կնոջ և երիտասարդ գործակատարի անունները...

IV

Հոգեկան սաստիկ խռովմունքի միջոցներին Սմբատն զգում էր պահանջ որևէ կերպ սիրտը թեթևացնելու։ Ընկերություն էր փնտրում, և այն շրջանը, ուր վիճակված էր պտտել իր դիրքի շնորհիվ, չէր գոհացնում նրան։