Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/244

Այս էջը հաստատված է

Մինչև այժմ նա, ամփոփված ինքն իր մեջ, ապրել էր ներքին աշխարհում։ Ոչ ոք չէր անհանգստացնում նրան, չէր դիպչում նրա սրտի գաղտնի վերքերին։ Ռուսիայից վերադառնալով, նա ընկավ մի շրջան, ուր նրան չէին խնայում, չէին ներում նրա անուղղելի սխալը։ Մոր և քրոջ անվերջ բողոքները խոցոտում էին նրա սիրտը և գրգռում այն կծու զգացումները, որ նա արվեստական կերպով թմրեցրել էր իր մեջ վեց-յոթ տարի շարունակ։

Չուներ մտերիմ ընկեր, որին վստահանար հաղորդել իր ցավերը և թեթևացներ իր հոգին։ Նա պարզ տեսնում էր, որ իր հրապույրը մարդկանց աչքում պարունակվում է մեծ մասամբ հարստության մեջ. արդեն շրջանն այդպես էր։ Տեսնում էր, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք բարձրաձայն գոռում են բարոյականի մասին, ստրկաբար խոնարհվում են անբարոյականի առջև, երբ մեջտեղ նյութական շահ են գտնում։ Այս էր, որ ստիպում էր նրան փախչել մարդկանցից, որոնելով մի մտերիմ ընկերություն։

Փորձում էր գործերի մեջ գտնել գեթ ժամանակավոր մոռացում, բայց միտքն զբաղվում էր, վիրավոր զգացումները հագուրդ չէին ստանում։ Միայն մի գործ կար, որ նրան պատճառում էր հոգեկան հաճույք և մի փոքրիկ շրջան, ուր նրա սիրտը զգում էր քիչ-շատ թեթևություն։ Դա մշակների համար նոր բնակարանների կառուցումն էր և Զարգարյանների ընտանիքը, ուր նա լինում էր ամեն անգամ հանքերն այցելելիս։ Ուրախ էր իր ձեռնարկությանը, և այժմ թվում էր նրան, որ եթե չհոգար բանվորների մասին, իր սրտի վրա պիտի ձգեր մի նոր ծանրություն։ Չնայելով, որ հանքային գործերը հանձնել էր Միքայելին, շաբաթը երկու-երեք անգամ ինքն էլ նստում էր առաջին պատահած կառքը և ուղևորվում այնտեղ։

Նա չէր ուզում ինքն իրեն խոստովանվել, թե ո՛րն է իսկապես այն մագնիսական ուժը, որ այսպես հաճախ տանում է իրեն դեպի հանքերը։ Նա խաբում էր իրեն, հավատացնելով, թե արդարև, մշակների տնտեսական վիճակն իրեն այդչափ հետաքրքրում է։ Դիտելով նոր կառուցվող կացարանները