Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/247

Այս էջը հաստատված է

նա նախանձեց եղբորը, որ ամուրի էր և ազատ։ Սակայն շտապեց զսպել անախորժ զգացումը, հիշելով իր զավակներին։

—Սմբա՛տ,— ընդհատեց լռությունը Միքայելը, երկու ձեռներով ամուր հենվելով ձեռնափայտին,— ես զգում եմ, որ դու ինձանից բարոյապես բարձր ես, որ ես քո աչքում մի ընկած և փչացած մարդ եմ, բայց ասա՛ խնդրեմ, ե՞րբ պիտի արժանանամ քո վստահությանը գոնե տնտեսական գործերում։

Հարցը Սմբատի համար անսպասելի էր։ Չգուշակեց, թե Միքայելի, ըստ երևույթին, անկապ խոսքերն ունին նրա հոգու մեջ կապ և թե այդ տարօրինակ հարցերը նրա մտախոհության փղձուկներն են։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Այն, որ դու ինձ հավատ չես ընծայում։ Դու հանքերի գործերն ինձ ես հանձնել, իսկ ինքդ շաբաթը երկու երեք անգամ գալիս ես։ Կարծես, ես ընդունակ չեմ հանքերը կառավարելու կամ գոնե Սուլյանի գործունեությունն ստուգելու։ Ինչո՞ւ համար ես ինձ նրա աչքում ծաղրելի դարձնում։

— Եթե չես ուզում, այսուհետև չեմ այցելի հանքերը...

— Երկուսից մեկը, կամ ես, կամ դու,— արտասանեց Միքայելը երկդիմի և խորհրդավոր նայեց եղբոր երեսին։ Մի ժամ անցած, հանքերը դիտելուց հետո, Սմբատը դարձավ Զարգարյանին.

— Դավիթ, հյուրասիրի՛ր ինձ այսօր վերջին անգամ թեյով։ Առանձին սենյակում, սպիտակ սփռոցով ծածկված սեղանի վրա, եռում էր փայլուն սամովարը, երբ Ալիմյան եղբայրները ներս մտան։

Հրավիրելով Սմբատին, Դավիթը, հարկավ, չէր կարող չհրավիրել և՛ Միքայելին։ Այնինչ, հոգով դեմ էր, որ այդ մարդը ոտ դնի իր տունը։ Խայտառակ լուրը լսելու օրից, նա զգում էր դեպի Միքայելն անհաղթելի նողկանք։ Նա հրավիրեց և՛ Սուլյանին, նույնպես հակառակ ցանկության, որովհետև կառավարչի հետ հարաբերությունը լարված էր։ Բանն այն էր, որ Սուլյանի համար վերին աստիճանի անհաճո էր