Զարգարյանի հանքերում լինելը։ Մինչև այժմ նա գործում էր ինքնագլուխ, ծախսում էր՝ ինչպես կամենում էր, կարգադրում և հաշիվները կազմում ուզածին պես։ Այժմ իր գլխի վրա զգում էր մի վերահսկող, որի կոպիտ շիտակությունը նրան շփոթեցնում էր։
Շուշանիկը, մաքուր հագնված, սեղանի քով սրբում էր թեյի բաժակները։ Տեսնելով Միքայելին, ակամա ցնցվեց այնպես, որ քիչ էր մնում բաժակը ձեռից գցե։ Սեղմելով շրթունքները, ճիգ արավ թաքցնել դժկամությունը։
Այսօր առաջին անգամն էր Միքայելը նրան տեսնում մի քիչ նորաձև կարված հագուստում։ Թանձր մազերը խնամքով սանրված էին ու ծոծրակի վրա փնջված, և հերկալները հազիվ կարողանում էին պահել խոշոր հյուսքը։ Նա թվաց այսօր Միքայելին հասակով ավելի բարձր, ավելի նազելի։ Նրա ամբողջ էությունից բուրում էր թովիչ կանացիությունը՝ մայիսյան անուշ հովի պես։ Նույնիսկ ձևերը փոխվել էին, ավելի սահուն դարձել և ավելի նրբացել։ Կարծես այդ համեստ ու ամոթխած աղջկա մեջ զարթնել էր մի նոր ոգի, որի շողերը տարածվել էին շուրջը և նրա ամբողջ կերպարանքն ամփոփել իրենց մեջ։
Երբեք Միքայելը չէր կարող երևակայել, թե մի հասարակ աղքատ աղջկա առջև երբևէ պիտի շփոթվի այնպես, ինչպես այսօր։ Եվ պատճառներ կային շփոթվելու։ Նա մեղավոր էր այդ աղջկա մոտ — մեկ, նա խայտառակված էր ամբողջ քաղաքում — երկու. նա վախենում էր Շուշանիկի արհամարհանքից — ահա գլխավորը։ Զգաց մինչև անգամ մի տեսակ սարսափ, երբ մի վայրկյան աչքերը հանդիպեցին խելացի ու սիրուն աչքերին, որոնց մեջ այլևս առաջվա չափ պայծառություն չէր երևում։
Խոսակցությունը դարձյալ գործերի մասին էր․ սկսվել էր դրսում, այժմ շարունակվում էր նույն եղանակով։ Նոր կացարանների շինության մեջ Սմբատը նկատել էր թերություն, որ Սուլյանի անտեղի խնայողության հետևանքն էր։ Նա հանդիմանում էր կառավարչին մեղմաբար, բայց հուզված էր, և երբեմն ձայնի մեջ հնչում էր բարկություն։ Պարզ էր, որ Սուլյանը չէր նրա դժկամության բուն պատճառը։ Ինժեներն արդարացնում