էր իրեն, ասելով, թե միշտ սովոր է խնայել Ալիմյանների միջոցները, անտեղի ծախսերից խուսափել ու հենց այս պատճառով միշտ սիրելի է եղել հանգուցյալ Մարկոս աղայի աչքում։
Նրա կեղծիքը դուր չեկավ Միքայելին, որ գիտեր, թե որքան իսկապես Սուլյանը խնայում է ֆիրմայի շահերը։
— Ի սեր աստծու, մի՛ խնայեք մեր միջոցները, եթե գործը չի պահանջում խնայել,— ասաց Միքայելը,— ես գիտեմ, օրինակ, որ շատ անգամ, կոպեկների հետևից ընկնելով, ռուբլիներ եք կորցնում։
Այս թեթև նկատողությունը խոր ազդեցություն ունեցավ Սուլյանի ոչ այնքան դյուրագռգիռ սրտի վրա։ Նրան թվաց, թե մեջտեղ խառն է Դավիթ Զարգարյանի մատը։
— Ոչ ոք չի կարող իմ ներկայությամբ ասել, թե ես երբևէ կորցրել եմ Ալիմյանների ռուբլիները,— արտասանեց նա սրտմտությամբ, մի կողմնակի թունավոր հայացք ձգելով Դավթի վրա։
— Մի՞թե,— ասաց Միքայելն անորոշ,— թողնենք այդ։ Ասացեք խնդրեմ, պարոն Սուլյան, վերջին սպեկուլյացիայից ինչքա՞ն շահվեցաք։
Սուլյանն շտապեց իրեն զսպել և ժպտաց։
— Ես սպեկուլյացիայով չեմ պարապում։
— Զուր եք թաքցնում,— շեշտեց Միքայելը կծու եղանակով,— ձեր ձեռքից խլող չի լինել, մի՛ վախենաք։ Գնել եք վեց ու քառորդով, վաճառել յոթ ու քառորդով։ Զարգարյա՛ն, հաշվեցեք որքան է անում հարյուր հազար փթի վրա։
— Ուղիղ հինգ հազար ռուբլի,— պատասխանեց Զարգարյանն անմիջապես, ոչ առանց չարախնդության։
— Ուրախ եմ, շատ ուրախ եմ,— դարձավ Միքայելն ինժեներին,— գոնե այսուհետև իդեալիստների մոտ բուրժուաներին քիչ կհայհոյեք։
— Ես բուրժուաներին չեմ հայհոյում, իսկ իդեալիստ բարեկամներ չունիմ։ — Ուրեմն տարօրինակ է, շատ տարօրինակ — նկատեց Միքայելը գրգռված,— որ մարդիկ իդեալիստ են, քանի որ