Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/25

Այս էջը հաստատված է

մերթ պատառաքաղը, անձեռոցիկը կամ մսի կտորները։ Եվ երբ ցածր էր թեքվում՝ ընկածը վերցնելու, հացի գնդիկները կարկտի պես էին տեղում նրա պարանոցի վրա։

Մի անգամ, երբ գնդիկներից մեկը դիպավ քթին, բերանը բաց արավ հայհոյելու, մի ձեռ հետևից փակեց նրա բերանը։

— Շատ մի՜ կոնծիր,— շշնջաց նրա ականջին մի կարճահասակ մարդ դեղնագույն մազերով և ապակու պես փայլուն աչքերով,— քեզ հետ գործ ունեմ... երեկոյան ութ ժամին կգաս մեր տուն․․․

Ասաց փոքրահասակ մարդը և իսկույն չքացավ։

Եղանակը պարզ էր, օրը ջերմ, լուսամուտները բաց: Դեպի մուտքը թեքվող արեգակի շողերը խուրձերով ներս էին թափվել և լուսավորում էին բազմաթիվ գլուխների խայտաբղետ շարքերը։ Ամբոխի շունչը, կերակուրների գոլորշին, ծխախոտի ծուխը, փոշին, կեղտն ու քրտինքը, միմյանց խառնվելով, սենյակում գոյացրել էին ստորին տեսակի պանդոկային մթնոլորտ, ծանր, անախորժ։ Շատերն էին արդեն հարբել, բղկոց էին տալիս պարսիկների պես, ցույց տալով, որ իբր չեն ուզում, և դարձյալ ուտում էին․ ով գիտե մեկ էլ երբ պիտի տեսնեն այդպիսի առատ սեղան։

Մարդկանց ագահությունը և զվարթ, ուրախ դեմքերը, ոմանց անամոթ բարձրաձայն ծիծաղներն ակամա զզվանք էին ներշնչում Սմբատին: Վաղուց նա չէր տեսել այդպիսի նողկալի տեսարան: Անցնելով «ադվակատ» Մուխանի մոտով, նկատեց, որ արբշիռը գինին թափել է սպիտակ սփռոցի վրա և աղամանն է փնտրում՝ կարմիր լճակը աղով ծածկելու համար։ Նրա աջ ու ձախ կողմերում նստած դերձակները բարձրաձայն քրքջացին, լայն բանալով կերակրով լի բերանները, ինչպես շնաձկներ:

— Ես ձեզ քարշ կտամ զերձալի տակ, շուն շան... կատաղեց Մուխանը։

Սմբատը, զզվանքը զսպելով, շտապեց անցնել «պատվավորների» սենյակը։ Այդտեղ էլ ուտում էին ախորժակով, բայց արժանավայել, խմում էին շատ, բայց ոչ շտապով և ոչ աղմկալի, ծիծաղում էին, բայց ցածր ձայնով։ Տեր—Աշոտ