Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/250

Այս էջը հաստատված է

սոված են։ Իսկ երբ ճանաչում են փողի համը, մեզանից մի քայլ էլ առաջ են գնում և էլի մեզ են ծաղրում։

— Չեմ հասկանում, ինչո՞ւ համար եք դուք այդ ասում, Միխայիլ Մարկիչ,— հարցրեց Սուլյանը, տակավին ժպտալով։

— Ինչո՞ւ համար... Հենց այնպես... Մի՞թե սուտ է, որ դուք, բարձրագույն ուսում ստացածներդ անում եք թաքուն այն, ինչ որ մենք տգետներս անում ենք համարձակ, առանց քաշվելու։

Բոլորը զարմացած նայում էին Միքայելին։ Ոչ ոք չգիտեր, ինչու նա այդպես անսպասելի և անտեղի հարձակվում է ինժեների վրա։ Մինչդեռ պատճառը պարզ էր, թեև շատ նուրբ։ Հարձակվելով բարձրագույն ուսում ստացածների վրա, նա կողմնակի կերպով ուզում էր օրիորդի ներկայությամբ ցույց տալ իր արհամարհանքը դեպի այդ մարդիկ։ Կար նրա հարձակման մեջ և մի նուրբ ասեղ, ուղղված դեպի հարազատ եղբայրը, որ այդ պահին, նրա աչքում, կլանել էր Շուշանիկի բոլոր ուշադրությունը։

Նա գրգռված էր ոչ միայն Սուլյանի, այլև բոլոր ներկա եղողների դեմ։ Նրան գրգռում էին նույնիսկ անդամալույծի մրմունջները, որ մերթ ընդ մերթ լսվում էին մյուս սենյակից։ Սակայն Սմբատի լռությունն սկսեց նրան շփոթեցնել։ Վճռեց զսպել իրեն։ Զարդարյանն շտապեց խոսակցության նյութը փոխել։ Պատմում էին, որ տեղացի մի հայտնի հանքատեր պատրաստվում է իր հանքերը հանձնել ինչ-որ անգլիական ընկերության։ Սուլյանը մոռանալով Միքայելի կծու խոսքերը, սկսեց գործնական տեսակետից բացատրել, թե ներկա աճող պայմաններում մեծ սխալ է երկրի հարստությունները ծախել օտարներին, թեկուզ խոշոր գումարներով։ Այստեղ նա երևաց իր կոչման բարձրության վրա, ցույց տվեց իր բոլոր տնտեսական հոտառությունը ոգևորված նկարագրեց նավթային արդյունաբերության փայլուն ապագան։ Եվ ոչ ոք չկարողացավ հերքել նրա մտքերը, ոչ նույնիսկ Սմբատը, որ վիճում էր նրա հետ։

Օգտվելով այդ վիճաբանությունից, Միքայելը որ արդեն բավական խաղաղվել էր, դարձավ օրիորդին։