— Դուք իմ դեմ բարկաց՞ծ եք։
Օրիորդը գլխով անորոշ շարժում արավ։
— Ես պատրաստ եմ ներումն խնդրեր— շշնջաց Միքայելը։
— էլի թեյ ածե՞մ,— հարցրեց Շուշանիկը բարձր ձայնով, որ ցույց էր տալիս, թե չի կամենում շշնջյունով խոսել։
Այս բացարձակ արհամարհանքն արդեն բոլորովին կատաղեցրեց Միքայելին, նա ոտքի կանգնեց, մոտեցավ լուսամուտին, աչքերը հառեց հեռավոր բուրգերին, մատների մեջ ցնցողաբար խաղացնելով ժամացույցի շղթան։
Մի քանի րոպե նա մտազբաղ նայում էր։ Երբ երեսը դարձրեց, արդեն Սուլյանը գնացել էր իր գործին, իսկ Զարգարյանը պատշգամբի վրա խոսում էր մի քանի մշակների հետ, ձեռին բռնած ինչ-որ փոքրիկ նավթոտ տետրակներ։
Որքա՜ն փոփոխություն. այլևս Շուշանիկի դեմքի վրա չկար սառնություն։ Նա ամբողջովին անձնատուր էր եղել խոսակցության։ Աչքերը փայլում էին ներքին հաճույքից, ստեպ-ստեպ գլուխը հանդարտիկ ցած էր իջեցնում, թեթևակի կարմրելով, և մատներով խաղում սփռոցի ծոպերի հետ։ Շրջապատող չոր ու ցամաք պրոզայի մեջ նրանք խոսում էին այնպիսի նյութերի մասին, որ միանգամայն չէին ներդաշնակում սև հեղուկի անախորժ հոտով տոգորված մթնոլորտին։ Սմբատն արտահայտում էր իր սերը դեպի բնությունը, այնտեղ, ուր բնությունը ոչ մի հրապուրիչ բան չուներ։
Միքայելը փորձեց մասնակցել զրույցին, հակառակ տրամադրված դեպի եղբայրը։ Բայց իսկույն նկատեց Շուշանիկի դեմքի փոփոխությունը։ Այդ աղջիկը չկարողացավ թաքցնել, որ միայն Սմբատի հետ է իրեն հաճելի զրուցել։
Ներս մտավ Զարգարյանը և Սմբատի առջև դրեց մի կտոր նավթախառն կավ։ Դա նոր հորից հանված վերջին տիղմն էր, որ Սուլյանը շտապել էր ուղարկել իր տիրոջը. Միքայելը անփույթ վերցրեց հողը, հոտոտեց և ասաց.
— Ինձ թվում է շատրվան է բացվելու։
— Երևի, քո բախտից,— ավելացրեց Սմբատը,— խոստացի՛ր մի բան Դավթին, եթե շատրվան լինի։