Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/252

Այս էջը հաստատված է

— Կարող ես նվիրել, ինչքան քեֆդ է, ինձ համար միևնույն է,— ասաց Միքայելը ոչ առանց հեգնության։

Նա մոտեցավ օրիորդին հրաժեշտ տալու։

— Սպասի՛ր, չէ՞ որ միասին պիտի գնանք,— ասաց Սմբատը։

— Ես քաղաք չեմ գնում։

Եվ, առանց բացատրություն տալու, շտապեց դուրս։

Կար ժամանակ, երբ մի որևէ կին նրան սառնություն կամ անտարբերություն էր ցույց տալիս, ինքն էլ արհամարհանքով երես էր դարձնում նրանից, որպես մի արժանագին նյութից, որի մասին չարժե երկար մտածել։ Նայել էր կանանց, ինչպես հագուստներին. չէր դուր եկել հագուստը կամ չէր սազել, իսկույն ձգել էր մի կողմ և նորը ձեռք բերել։ Այսօր կյանքում առաջին անգամ զգաց իրեն վիրավորված և ստորացած մի կնոջ արհամարհանքից։ Նա կատաղում էր Շուշանիկի դեմ և անիծում ինքն իրեն, որ այնքան ուշադիր էր դեպի նրա սառնությունը։

Դուրս գալով Զարգարյանների տնից, նա ոտով անցավ սև բուրգերի միջով և մտավ մեծ ճանապարհը։ Կես ժամ անցած կանգ առավ մի երկայն շինության առջև, որը կառուցված էր լայն ճանապարհի եզրին։ Այդ շինությունը պատկանում էր նրա հեռավոր ազգականներից մեկին, մի աննշան հանքատիրոջ, որ ինքն անձամբ կառավարում էր հանքերը։ Թանձր շոգու միջից հայտնվեց ալեխառն միրուքով ու մրոտ դեմքով մի նիհար մարդ հագին կաշվե բաճկոն և գլխին լայն եզրով գլխարկ։

— Օ՜օ, բարով, Միքայել,— դիմավորեց նա հյուրին,— այդ ո՞ր աստծուց է, որ մեզ հիշել ես։

— Այս երեկո, Օսեփ տպեր, հյուրդ եմ։

— Աչքիս վրա տեղ ունես։ Նա հյուրին առաջնորդեց իր բնակարանը, որ բաղկացած էր երկու փոքրիկ խոնավ սենյակներից՝ ցածր առաստաղով։

— Ներիր, որ պալատս շքեղ չէ, բարեկամ,— ասաց Օսեփ ապերը կատակով,— ի՞նչ անեմ․ անիծված հորերիս փորերը չորացել են, կաթիլ-կաթիլ են նավթ տալիս։ Այս