Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/255

Այս էջը հաստատված է

Նա դուրս եկավ շտապ քայլերով։ Նա համոզված էր, որ այժմ էլ Սմբատը, մաքուր սեղանի քով նստած, զրուցում է Շուշանիկի հետ։ Եվ այս միտքը նրան հանգստություն չէր տալիս։ Նա ուզում էր անպատճառ վերադառնալ Զարգարյանների մոտ, եթե ներս չմտնել, գոնե լուսամուտից մի հայացք ձգել դեպի ներս։

Երեկոն մութն էր այնչափ, որ սև բուրգերը չէին երևում։ Մեքենաների թանձր շոգին մթնոլորտը տոգորել էր խոնավությամբ և տարածել անդուրեկան հոտ։ Նա դուրս եկավ սև հեղուկով ապականված մի շավիղ։ Ստեպ-ստեպ սայթաքում էր, հազիվ կարողացավ հավասարակշռությունը պահել։ Ակամա համեմատեց իր անցյալն այդ շավիղի հետ։ Ամբողջ կյանքն ընթացել է այսպիսի սև, մթին, կեղտոտ ու լպրծուն ուղիով և ապականվել մինչև ոսկորների ծուծը։ Մթության մեջ պատկերացան ընկերների շրջանը, զեխ գիշերները, անբարոյական կանայք։ Եվ նորից զգաց մի անասելի զզվանք դեպի իր անցյալը։

Նրա առջև բացվեց մի դատարկ տարածություն։ Բնազդաբար նայեց շուրջը։ Հանքերը լուսավորում էին էլեկտրական լամպաներով, բայց մեքենաների շոգին նսեմացնում էր նրանց լույսը, ինչպես թանձր մշուշ։ Ուշ գիշերներն այդ տեղերով անցնելը բավական վտանգավոր էր։ Մութ անկյուններում միշտ թափառում էին անգործ սրիկաներ, որոնք հարմար ժամանակին հարձակվում էին մենակ անցորդների վրա, կողոպտում, վիրավորում, երբեմն էլ սպանում։

Հեռվում փայլեցին Զարգարյանների բնակարանի լուսամուտները կարմիր-դեղնագույն լուսով։ Դարձյալ նա վրդովվեց իր դեմ. տեր աստված, ինչո՞ւ այսչափ հիմարանալ և կաշկանդվել մի անբացատրելի ուժից։ Նա փախչում է իր կեղտերից, կարծես, այդ լուսո ճառագայթներում լվացվելու ու մաքրվելու համար։ Հետ չդառնա՞ արդյոք, մի վճռական քայլով վերջ տա երեխայական տատանումներին ու մտատանջությանը և նորից անձնատուր լինի նախկին կյանքին։ Ճշմարիտ, ծիծաղելի, նույնիսկ վիրավորական է այսչափ ենթարկվել մի աղքատ ու աննշան աղջկա հրապույրին և այն էլ մի մարդու համար, որի աչքում կանայք վաղուց