Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/256

Այս էջը հաստատված է

են կորցրել իրենց պոետիկական հրապույրը։ Վճռված է․ վաղը ևեթ նա հանքերից կվռնդի Զարգարյանին՝ իր ընտանիքի հետ։ Թող գնա կորչի այդ աղջիկն իր հպարտությամբ ու արհամարհանքով․․․

Այնինչ, նա շարունակ քայլում էր առաջ, միշտ աչքերը հառած համեստ բնակարանի լուսամուտներին։ Այժմ նա մոտենում էր ինչ֊որ փլատակների, որոնց կողքով պիտի անցներ, և այնուհետև մնում էր ընդամենր երկու հարյուր քայլ մինչև Զարգարյանների բնակարանը։ Նրան թվաց, թե երկու մութ պատկերներ ճանապարհի աջ եզրից անցան ձախը և մոտեցան փլատակներին։ Նրա սրտում ծագեց երկյուղի պես մի բան։ Ձեռը տարավ ծոցը և հավաստիացավ, որ ատրճանակը գրպանումն է։ Քայլերը մի քիչ արագացրեց, բնազդաբար նայելով աջ ու ձախ։

Խառնաշփոթ մտքերի մեջ հանկարծ մի հարց ծագեց նրա գլխում —ինչո՞ւ Պետրոս Վուլամյանր զուրկ է պատվի զգացումից։ ճշմարիտ, ահա մի մարդ, որի ընտանեկան պատիվը ցեխոտել են և նա մինչև այժմ ոչ մի կերպ վրեժ չի առնում իր թշնամուց։ Նա ուսերն արհամարհանքով վեր քաշեց։ Այդ վայրկյանին նա դարձյալ տեսավ երկու մթին պատկերները, որոնք չքացան փլատակների հետևում։ Զգաստության համար հանեց գրպանից ատրճանակը և պահեց ձեռին պատրաստ։ Մի քանի վայրկյան անցած, նա մտքում ծաղրեց իր երկչոտությունը, ատրճանակը դրեց գրպանը։ Նորից հիշեց Պետրոս Ղուլամյանին։

«Աննամուս»,-արտասանեց շշնջյունով։

Եվ ճիշտ նույն վայրկյանին պարանոցի վրա զգաց ինչ-որ պաղություն։ Սարսռեց, որպես զազրելի սողունի շփումից։ Կամեցավ հետ նայել, ձեռը տանելով ծոցի գրպանը, բայց չկարողացավ շարժվել։ Երկու զույգ ձեռներ ամուր բռնել էին նրա թևերն աջ ու ձախ կողմերից։

Մեկն ինչ-որ բութ զենքի հարվածով թուլացրեց նրա աջ ձեռը։ Նա մատը սեղմեց ատրճանակի ոտին, և մի ակընթարթ խավարը փարատվեց վառոդի լույսից։ Գնդակը, սուլելով անցավ թաքնվեց փլատակների մեջ, վզզալով ինչպես թունավոր ճանճ։ Նա փորձեց երկրորդ անգամ արձակել։ Մի