Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/257

Այս էջը հաստատված է

նոր հարված այս անգամ բոլորովին ուժասպառ արավ նրա ձեռը։ Զենքն ընկավ գետին։ Մեկը թեքվեց ցած և արագությամբ վերցրեց ատրճանակը՝ ասելով։

-Հա՛յ, զենքը քեզ չի սազում։

— Մի՛ շարժվիր, գյավուր, եթե չես ուզում սպանվել, —լսվեց մի երկրորդ ձայն։

Եվ մի ձեռ փակեց նրա բերանը, թույլ չտալով գոռալ և օգնություն կանչել։

Սրիկաների երեսները ծածկված էին գլխոցներով։ Խոսում էին նրանք թուրքերեն, արհեստաբար ձայները խռպոտ դարձնելով։

Նա ճիգ արավ կոկորդն ազատել անհայտ չարագործի մատներից, որ, կարծես, խրվել էին նրա մսի մեջ։ Եվ մի վայրկյան ազատելով, գոչեց.

—Կողոպտե՞լ եք ուզում, թե սպանել։

—Ոչ մեկը,—պատասխանեց սրիկաներից մեկը։

—Այ քո հավատը... լսվեց մի ուրիշ ձայն։

—Այնպես խփեցե՛ք, որ չմեռնի։

Սրիկաները երեք հոգի էին։

Հարվածներն սկսեցին տեղալ կարկտի պես գլխին, ուսերին, կրծքին ու մեջքին։

Տեղի ունեցավ անհավասար մարտ. մի կողմից հանկարծակի զինաթափ եղած մեկը, մյուս կողմից՝ երեք հաղթանդամ տղամարդիկ։

Միքայելը կռվում էր ատամներով, ոտներով, գլխով։

Մեկը սրիկաներից սաստիկ ցավից գոռաց, մեջքից երկու ծալ թեքվելով։ Այն ժամանակ մյուսները կատաղեցին։

—Գյավու՜ր, —գոչեց մեկը և ուժով թավալեց նրան գետնին։

Սկսեցին նրան կոխոտել ոտների տակ։

Նա բռնեց մեկի ոտներից, թավալեց գետնին, հարձակվեց վրեն և սկսեց խեղդել։ Հուսահատությունը նրան ներշնչել էր գերբնական ուժ։ Թուրքը հեծեծում էր նրա տակ, ինչպես մորթվող եզ, ոտներն ուժգին թափով գետնին զարկելով։ Եվ նա անշուշտ կսպաներ սրիկային, եթե շուտով բազկի վրա չզգար սուր պաղություն, հետո թաց ջերմություն