Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/258

Այս էջը հաստատված է

Նրա ձեռը թուլացավ, բաց թողեց հակառակորդի կոկորդը։

—Նշանը դրեցինք, հերի՛ք է, բա՛ց թողեք,—ասաց սրիկաների գլխավորը։

Միքայելի շնչառությունն արդեն սպառվում էր։ Սկսեց բազկի վերքից մրմնջալ։ Ամբողջ կյանքը մթության մեջ պատկերացավ նրա առջև իբրև ավելի խորին մթություն, իբրև անբարոյականության քաոս։ Մի՞թե նրան վիճակված է այսպիսի խայտառակ մահով մեռնել, ինչ-որ անհայտ չարագործների ձեռքից։ Եվ ինչո՞ւ, ո՞վ է վրեժ խնդիր լինում նրանից։

—Բեգրուս աղային ճանաչո՞ւմ ես... Նրա ղուլերն ենք... լսեց նա հանկարծ։

Ահա ինչ, ահա որտեղից է գալիս հարվածը։ Պատվի վերջին զգացումից զուրկ համարված մարդն էլ է վրիժառության միջոց ունեցել։ Այդ սրիկաները վարձված են Ղուլամյանից։ Դա թեև տմարդի, բայց սոսկալի վրիժառություն է..․

—Բավական է,—ասաց վարձկան սրիկաների պարագլուխը,—թե չէ կմեռնի..․ էժան գնով։ Բեգրուսը ժլատ է..․ Նրանք շուտով աներևույթացան գիշերային խավարի մեջ, որպես նույն խավարի ծնունդներ։

Այժմ Միքայելի անշունչ մարմինը տարածվել էր նավթախառն ավազի վրա։

Հեռվում տակավին փայլում էին Զարգարյանների լուսամուտները կարմիր-դեղնագույն լուսով․..

V

Նույն պահին, երբ կատարվում էր այս վայրենի գործողությունը, Ալիմյան ընտանիքի գլխին մի ուրիշ դժբախտուhուն էր եկել։

Քաղաք վերադառնալով, Սմբատը լսեց, որ Արշակն առավոտից անհետացել է, հայտնի չէ ուր։ Այն մարդը, որ նշանակված էր նրա վրա հսկիչ կամ, ինչպես Սրաֆիոն Գասպարիչը նրան անվանում էր «լյալա», ամբողջ օրը փնտրել էր, չէր գտել։ Բանը պատահել էր այսպես. առավոտն