Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/260

Այս էջը հաստատված է

Նորից բարձրացավ վերև, ենթարկվեց մոր կծու կշտամբանքին։ Այրին ասում էր։ թե Արշակը մեղավոր չէ, որ տնից փախչում է։ Վերջին ժամանակ նրան կատարելապես տանջում էին․ բանտարկել էին, ոտով-ձեռով կապել ինչ-որ «լյալայի» հետ։ Ծախսի փող չէին տալիս «խեղճ երեխային»։ Արշակը մազերը փետտում էր, լաց լինում, սպառնում էր իրեն սպանել։ Նա կատարել է իր սպառնալիքը․ կամ ծովն է ընկել, կամ պարանով խեղդվել, կամ ռեվոլվերով իրեն սպանել։ Տաքարյուն տղա է, կանի, անպտաճառ կանի...

—Իսկի էլ չի անիլ,—գոչեց Սմբատը վշտացած մոր կշտամբանքից,—նա ինքնասպանություն գործող տղա չէ։ Կարող եմ հավատացնել, որ այժմ, անառակների հետ շնթռած, քեֆ է անում։

—Ո՛չ, խելոք է որդիս, ոչ գիժ,—ասաց այրին, արտասուքը սրբելով,—մեկը փչացավ, մյուսն էլ նրա ճանապարհով է գնում։ Իսկ դու, դու նրանցից ավելի վատ դուրս եկար, ավելի խորը խոցոտեցիր սիրտս...

Ազատվելով մոր ձեռքից, Սմբատն ընկավ քրոջ ձեռքը։ Ներս մտավ թե չէ, տիկին Մարթան սկսեց ուղղակի հարձակվել նրա վրա։

—Դու հորս որդուն չես թողնում օր տեսնի։ Ընկել ես կնոջդ կոշիկների տակ, ինչ ուզում է, անում ես։ Քանդեց իմ ծնողների տունն այդ կնիկը։

—Մարթա, թո՛ղ այդ կնոջը հանգիստ, խոսք ունիս ասելու, ինձ ասա։

—Քեզ ասելու ոչինչ չունեմ, կռիվս նրա հետ է, նա է քանդում մեր տունը։ Մարկոս աղայի սիրած որդին գրպանում ծախսի փող չունենա, գնա իրենը ծովը գցե, բաս այս կվերցնի՞ աստված․․․

—Այո՛, գրպանում փող չունի, բայց սիրուհիներ պահում է,—ասաց Սմբատը դառն հեգնությամբ,—ինձանից թաքուն մորից ստացած փողերով։

—Աոաջինը սուտ է, Արշակը սիրուհիներ չունի, երկրորդը, եթե ունի էլ, շատ լավ է անում՝ պահում է, թշնամիների աչքն էլ է հանում։ Ո՞վ չունի մեր ժամանակում սիրուհիներ։ Եթե իմ մարդը, ինձ պես կնիկ ունենալով, պահում