Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/261

Այս էջը հաստատված է

է սիրուհիներ, ինչո՞ւ Արշակի պես ջահելը չպիտի պահի... Ժամանակիս սովորությունն է։

Սմբատը զայրացած և ապշած նայեց քրոջ երեսին։ Այդ հանդուգն պարզախոսությունը վիրավորեց նրան մինչև հոգու խորքը, դիպչելով արյունակցական զգացմանը։ Նա ամաչեց։

—Լռի՛ր, լռի՛ր, Մարթա․․․

Բայց Մարթան արդեն կորցրել էր չափավորության զգացումը։

—Ո՜ւխ,—արտասանեց նա,—սուրբը դու ես, դո՛ւ ոտից մինչև գլուխ։ «Լռի՛ր». իսկի էլ չեմ լռիլ։ Ի՞նչ կա, ումի՞ց պիտի քաշվեմ։ Չլինի՞ թե քեզանից։ Ինչպե՞ս չէ, քեզ էլ ենք լավ ճանաչում։ Դու որքան կարող ես, շուտ-շուտ գնա Բալախանի...

Ակնարկն այնքան հանդուգն էր, որ Սմբատը չկարողացավ իրեն զսպել և բարձրաձայն գոռաց.

—Լռելո՞ւ ես, հիմար կին, թե՞ չէ...

—Ի՞նչ է, սրտիդ դիպան, հաա՞։ Մի՛ վախենա, ես իսկի էլ քեզ չեմ նախատում։ Այդ տեսակ կնիկ ունեցողը կարող է անել, ինչ որ քեֆն է...

Այրի Ոսկեհատն ընկավ աղջկա ու որդու մեջ և աղերսեց վերջ տալ կոպիտ վեճին։

Սմբատը դուրս գնաց, բայց նրան սպասում էր ուրիշ տեսարան։ Անտոնինա Իվանովնան սաստիկ հուզված էր։ Մի փոքր առաջ սկեսուրը նրան վիրավորել էր։ Վշտացած մայրն իր սրտի թույնը թափում էր առաջին պատահողի գլխին։ Հանդիպելով հարսին բնակարանները բաժանող միջանցքում, նա անխոհեմաբար արտասանել էր մի քանի վիրավորական խոսքեր ռուսերեն լեզվով: Խոսքեր, որոնց իսկական իմաստը չգիտեր։ Հարսը հասկացել էր միայն կոպիտ հիշոցները, առանց հասկանալու նրանց շարժառիթը։ Իսկ շարժառիթը սովորական էր այն օրից, երբ նա ոտ է դրել Ալիմյանների տունը, ընտանիքի թշվառություններին վերջ չկա։

Անտոնինա Իվանովնան ներվային կին չէր, բայց այս անգամ այնքան վիրավորվել էր, որ տեսնելով Սմբատին հեկեկաց։

—Այս կյանք չէ, այլ դժոխք,—կրկնում էր նա։