Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/264

Այս էջը հաստատված է

մասին։ Կվատնի փողերն ու վաղ թե ուշ կվերադառնա տուն։ Ի՞նչ ասել է եղբայրական սեր, եթե ոչ մի հին նախապաշարում։ Նույնն է և՛ որդիական սերը։ Բոլորը դատարկ, անիմաստ զգացումներ են, որ մարդիկ արվեստականորեն զարգացրել են իրենց մեջ դեռ վայրենության դարերում։ Այո՛, կեղծ են բոլոր արյունակցական զգացումները, ինչպես կեղծ է առհասարակ մարդկային զգացումների իննսուն տոկոսը։ Միայն մի զգացում է արմատական, անկեղծ, բնածին և անջնջելի-եսասիրությունը։ Հեռո՜ւ նախապաշարումներ, պետք է եսամոլ լինել։ Սպասավո՛ր, գարեջուր։ Այս լավ չէ, ուրիշը բեր, բե՛ր և մի բաժակ կոնյակ, բե՛ր երկրորդը, երրորդը։

Նա խմում էր բաժակ-բաժակի հետևից։ Մենակ Էր, ազատ՝ կնոջ անախորժ ձայնից, մոր անվերջ բողոքներից, երեխաների աղմուկից։ Ա՜խ, երանի ամուրիներին։ Ի՜նչ հաճելի է ռեստորանի մթնոլորտը, այս անծանոթ հյուրերի զվարթ դեմքերը։ Այստեղ ամեն ինչ պարզ է և հասկանալի, իսկ տանը՝ բարդ, մթին։

Նա գլուխը դրեց կռների վրա՝ սեղանի եզրին։ Մտքերը խառնաշփոթվել էին, այլևս չգիտեր ում մասին մտածի։ Բոլորը և ամեն ինչ խառնվել էին նրա գլխում և դարձել անթափանցելի քաոս...

Մեկը ծխախոտի թանձր ծխի միջից մոտեցավ նրան, գդակը ձեռին, և կամացուկ արտասանեց նրա անունը։ Նա գլուխը բարձրացրեց և տեսավ այն գործակատարներից մեկին, որոնց պատվիրել էր Արշակին գտնել։

—Գտա՞ք այն անպիտանին,—հարցրեց նա, շիշը բարձրացնելով, որ բաժակը լցնի։

—Այսօր տասներկու ժամին նրան տեսել են երկաթուղու կայարանում մի կնոջ հետ, գնացքի ժամանակ։

—Մի կնոջ հե՞տ,—կրկնեց Սմբատը,—ախ, անպիտա՜ն գարշելի՜... Պետք է փնտրել ու գտնել, անպատճառ գտնել։ Է՜ է, ինչո՞ւ եք եկել, ո՞վ ասաց, որ առանց գտնելու գաք...

—Եկել եմ հայտնելու, որ հանքերից ձեզ խնդրում են...

—Հրդե՞հ,—գոչեց Սմբատը,—է՛, ի՞նչ անեմ թող այրվի ամեն բան, թող այրվի, ոչնչանա...