— Հրդեհ չկա, ուրիշ բանի համար են կանչում։
— Շատ լավ, շատ լավ։ Ասում եք՝ Արշակին տեսել են կայարանո՞ւմ։ Ուրեմն, նա փախել է այդ կնոջ հետ։ Պետք է ոստիկանությանը հայտնել, ամեն կողմ հեռագիրներ տալ, մարդիկ ուղարկել։ Ա՜խ, անբարոյակա՜ն, փչացա՜ծ մանուկ։ Սպասավո՛ր, ստացիր խմածիս փողը... Ես իսկույն կգնամ ոստիկանատուն։ Ոստիկանատո՞ւն,— ավելացրեց նա, հանկարծ եղանակը փոխելով,— ի՞նչ հիմարություն։ Ինչո՞ւ պիտի գնամ, մի՞թե պարտավոր եմ գնալու։ Էհ, թող կորչի անիծվածը․ նա իմ եղբայրը չէ, ես եղբայր չունեմ։ Դուք էլ հեռացե՛ք այստեղից, լսո՞ւմ եք, հեռացեք, թողեք ինձ հանգիստ։ Սպասավոր, կոնյակ բեր...
Գործակատարն ապշած նայում էր, առաջին անգամն էր տիրոջը տեսնում այդպես հարբած։
— Եթե կամենաք, ես կգնամ ոստիկանատուն,— ասաց նա, գդակը ձեռների մեջ ճմլտելով,— իսկ ձեզ խնդրում են անպատճառ և իսկույն գնալ հանքերը․․․
— Է՜հ, հանքերը, հանքերը, ձանձրացրին ինձ այդ հանքերը։ Սպասավոր, տելեֆոն ունե՞ք։
— Կա։
Գործակատարը տելեֆոնի թելը միացնել տվեց Ալիմյանների հանքերի հետ, կանչեց Սուլյանին։ Սմբատը խոսեց ինժեների հետ և իմացավ Միքայելին պատահած դժբախտությունը։
— Ծեծե՞լ են․ ԷԷ՜յ, վիրավորե՞լ են, բայց ո՞վ,— գոչեց նա, մոլոր քայլերով հեռանալով տելեֆոնից։ Լուրը բավական սթափեցրեց նրան։ Տրորեց ճակատը, կարծես, քնից արթնանալու համար, հրամայեց գործակատարին գնալ, ոստիկանատանը հայտնել Արշակի կորստյան մասին, իսկ ինքը դուրս եկավ, կառք նստեց և հրամայեց քշել դեպի հանքերը։
Սառն օդն արթնացրեց նրա թմրած ուղեղը։ Եղբոր ծեծվելու լուրը նոր միայն սկսեց ազդել նրա վրա։ Ո՞վ գիտե, գուցե սպանված է, Սուլյանը թաքցրեց։ Կարող էր ինքնասպանություն գործել, վերջին ժամանակ շատ էր խորասուզվել ինքն իր մեջ։ Հարկավ, տանջվում էր վիրավորված