Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/266

Այս էջը հաստատված է

պատվի զգացումից։ Տեր աստված, այս ի՞նչ խայտառակ դրություն է. մեկը ծեծված և անպատիվ եղած ամբողջ քաղաքում, մյուսը՝ հիվանդոտ, գող և փախստական, քույրը՝ կռվարար, չարասիրտ, մայրը՝ թույլ իր զավակների բարք ու վարքերի վերաբերմամբ։ Իսկ ի՞նքը. ի՞նչ էր անում այն ճաշարանում։ Հարբում էր իր վշտերը մոռանալու համար։ Այդ ի՞նչ չար ոգի է մտել Ալիմյան ընտանիքի մեջ և քայքայում է նրան։ Ո՞վ է անիծել այդ խեղճ ընտանիքին։ Ինչո՞ւ հարստությունը երջանկացնելու փոխարեն դժբախտացնում է նրան։ Վերջապես , այս ի՞նչ ընտանիք է, ավանդությունները մոռացված, բարոյական կապերը խախտված, ի՞նչ պիտի լինի այս քաոտիկ դրության վերջը․․․

Այս ծանր մտքերի տակ Սմբատը հասավ հանքերը։

Ծեծն այնքան սաստիկ էր եղել, որ Միքայելի կյանքին վտանգ էր սպառնում։ Բաց օդի տակ նա մնացել էր ուշաթափ երկար ժամանակ։ Ուշքի գալով, իրեն տեսել էր մի քանի մշակների ձեռների վրա։ Նորից ուշաթափվելով և նորից ուշքի գալով, աչքերը բաց էր արել և գլխի վրա նշմարել էր Սուլյանի ու Դավիթ Զարգարյանի հուզված դեմքերը, նաև մի զույգ անկեղծ ցավակցությամբ լի սիրուն աչքեր։

Անմիջապես լուր էին տվել տեղական ոստիկանությանը, բժիշկ էին հրավիրել վերքերը կապելու։ Նա խնդրել էր, որ ոստիկանապետն իրեն քննության չենթարկի․ անհայտ չարագործներ էին, կողոպտելու համար ծեծեցին և անհետացան։ Ոչ մեկին չի ճանաչում։

Տեսնելով Սմբատին, նա արտասվեց երեխայի պես։ — Երեքը մեկի վրա, երեքը մեկի վրա,— կրկնեց նա, կարծես վախենալով, որ եղբայրը կմեղադրի իրեն պարտության համար։

Նրա ամբողջ մարմինը ծածկված էր կապույտ բծերով, բազուկը դանակի հարվածով վիրավորված, դեմքն անխնա ճանկռոտված։ Ամենից վտանգավորը գլխի վերքն էր։ Բժիշկն ասում էր, թե այդ վերքից կարող է առաջանալ արյան բորբոքում։ Անհրաժեշտ է համարում անպայման անդորրությունը։