Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/269

Այս էջը հաստատված է

արտահայտել կեղտոտ միտումներ։ Բարկացավ մտքում ինքն իր դեմ, որ դեռ երեկ զարմանում էր, թե ինչու այդ աղջիկն աղքատության մեջ այնքան հպարտ է, ինքնասեր, անմատչելի։ Ա՜խ, ինչպե՞ս հասկացնի այժմ, թե պատրաստ է հենց այս դրության մեջ չոքել նրա առջև, հազար անգամ ներում խնդրել, նույնիսկ համբուրել հագուստի փեշերը, ինչպես սրբություն։

Երբ Շուշանիկը, սովորական «բարի լույս» ասելով, սկուտեղը դրեց սեղանի վրա և հանդարտ քայլերով դուրս գնաց, հիվանդը դարձավ մորը.

— Հավանո՞ւմ ես այդ աղջկան։

— Շատ...

Հիվանդի պղտոր աչքերի մեջ փայլեց ուրախություն, որ սակայն, նույն վայրկյանին փոխվեց տրտմության։ Ուրիշ ոչինչ չասեց, երեսը դարձրեց պատին և հառաչանքը խեղդեց վերմակի տակ։ Մի փոքր անցած, մայրը լսեց նրա զսպված հեկեկանքը։

Իրիկնադեմին նորից սկսեց զառանցել։ Վիրաբույժը նոր էր փոխել վերքերի սպեղանին և քաղաք վերադարձել։ Հիվանդը մի քիչ նիրհել էր։ Այրին, վիշտը փարատելու համար, խնդրել էր Շուշանիկի մորն ու հորաքրոջն իր մոտ, և նրանց հետ կամացուկ զրուցում էր։

Հիվանդը նախ սկսեց տնքտնքալ, հետո վերմակը դեն շպրտեց և առողջ ձեռը զարկեց պատին։ Այժմ զառանցանքի միտքն ա՛յլ էր։ Տիկին Աննան — Շուշանիկի մայրը — լսեց իր աղջկա անունը, զարմացավ, կրկին լսեց — ցնցվեց։ «Ե՞ս ներում խնդրեմ, ե՞ս, ե՞ս, Միքայել Ալիմայա՞նս, Շուշանիկ, Շուշանիկ, ֆի, ի՛նչ վատ անուն է»։ Եվ, մի փոքր անցած, «սուս, գալիս է շալն ուսերին գցած, ճակատը բաց, աղքատ ու հպարտ. չեմ տալ քեզ, չեզ տալ, Սմբատ»։ Այնուհետև լռեց և հետո, ձայնն ավելի բարձրացնելով, գոչեց. «սուտ եք ասում, այո՛, սուտ եք ասում, ոչինչ զանազանություն չկա մեր մեջ, Սմբատն ինձանից լավ չէ, ես վատ մարդ չեմ»։

Ճիշտ այդ վայրկյանին ներս մտավ Սմբատը, մոտեցավ անկողնակալին, լսելիքը լարեց։ Հատուկտոր դարձվածները