շաղկապելով, կազմեց ամբողջ գաղափար եղբոր գաղտնի զգացումների մասին, գուշակեց, որ նա հափշտակված է Շուշանիկով։ Նա և՛ խղճաց եղբորը, և՛ զգաց դարձյալ նախանձ։ Ինչո՞ւ, մի՞թե կա որևէ նախանձի արժանի բան այդ բարոյապես ընկած, խայտառակված, ծեծված և կիսամահ երիտասարդի մեջ։
Ամբողջ գիշեր Սմբատը մոր հետ անքուն անցկացրեց հիվանդի անկողնակալի մոտ։ Եղան վայրկյաններ, երբ կարծում էր, թե եղբայրը մեռնում է։ Նրա սիրտն էր մորմոքվում այն մտքից, թե Միքայելը կարող է երիտասարդ կյանքը վերջացնել այդպես խայտառակ։
Հետևյալ օրը բժիշկների նոր քննությունը հաստատեց, որ տագնապն անցել է, բայց պահանջվում է անդորրություն։ Սմբատն ուղևորվեց քաղաք՝ Արշակի մասին լուր իմանալու։
Ամբողջ օրը հիվանդի դրությունը լավ էր, գիշերը նա քնեց անվրդով, իսկ մյուս առավոտ զարթնեց բավական կազդուրված։ Կեսօրվա դեմ նրան պաշարեց ինշ-որ տենդային ոգևորություն։ Շարունակ խոսում էր մոր հետ, ներումն էր խնդրում, որ այնքան ցավ ու տանջանք էր պատճառել նրան իր վատ կյանքով։ Ասում էր, թե այսուհետև այլևս աշխատելու է ուղղել իրեն, թե ամեն բանից ձանձրացել է, միայն թե առողջանա․․․ Օ՜օ, նա չի ուզում մեռնել․․․
Ճաշից հետո եկան բժիշկները և հայտնեցին, թե այլևս հիվանդն առողջանում է։ Այրին մի փոքր հանգստացավ։ Շտապեց Սմբատի հետ ուղևորվել քաղաք։ Նրան թվում էր, թե Արշակի մասին քաղաքում վատ լուր է ստացվել, իրենից թաքցնում են և թե ինքը կարող է անձամբ իմանալ այդ լուրը։
Հիվանդին հանձնեցին Դավիթ Զարգարյանի խնամքին, հակառակ Սուլյանի ցանկության, որ ձգտում էր ամեն կերպ ծառայել իր տիրոջը՝ նրա սիրտը շահելու համար։ Հոգու խորքում ինժեներն ուրախացավ, երբ մի քանի օր առաջ լսեց բժիշկների կարծիքը։ Այժմ, երբ Միքայելն առողջանում էր, նա բարվոք էր համարում ցույց տալ նրան անսահման կարեկցություն։
Մի գիշեր ևս խաղաղ քնելուց հետո, հիվանդը զարթնեց