Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/273

Այս էջը հաստատված է

Միքայելը գրգռված,— լավ կլինի, որ մի օր անկեղծ լինենք։

— Անկեղծ. ո՛չ, բարեկամ, անկեղծությունը հնացած բան է, ես փտած ապրանք առնող չեմ։ Չեմ ուզում ձեռներս կեղտոտել։ Փորձիր մի րոպե անկեղծ լինել և կտեսնես տակից ինչ հոտած ձկներ են դուրս գալիս։

Ակնարկը պարզ էր և հասկանալի։ Միքայելն ավելի վրդովվեց։

— Ձերդ պայծառափայլություն,— դարձավ նա կծու հեգնությամբ իշխան Նիասամիձեին,— այս խոսակցությանը վերջ տալու համար չե՞ք կարող մի բան պատմել Թիֆլիսի անգլիական կլուբի կյանքից։

Մոսիկոն ցնցվեց։ Պատմում էին, որ մի օր նա անգլիական կլուբում թղթախաղի ժամանակ ինչ-որ թեթև զեղծումն է թույլ տվել իրեն։ Նկատել են և քաղաքավարությամբ վռնդել կլուբից։

— Մեր Բագվումն այնքան խոսելու նյութ կա,— նկատեց չափազանց վիրավորված,— որ կարծեմ Թիֆլիս գնալն ավելորդ է։

— Օրինա՞կ,— հարցրեց Միքայելը, շրթունքները կրծոտելով։ — Օրինակ, մի՞թե խոսակցության առարկա չի՛ կարող լինել, թե ինչո՞ւ մեզանում կանայք երբեմն բեղեր են ունենում, կամ ինչո՞ւ մի բռի խանութպան կարողանում է սրիկաների միջոցով Օթելոյի դեր կատարել...

Բոլորը լուռ նայեցին միմյանց երեսին, հետո Միքայելին։ Նկատողությունը վերին աստիճանի հանդուգն էր և թունալի։ Ամենքը սպասում էին Միքայելի ավելի վիրավորական պատասխանին։ Քյազիմ-բեգը բեղերը հաճույքից սրում էր, որ վեճի ամենախիստ պահին պիտի առիթ ունենար միջամտելու և ընկերներին նախատելու։ Իշխան Նիասամիձեն դեմքով նշաններ էր անում Մոսիկոյին, որ լռի։ Իսկ Պապաշան, շոգից հոգնած ոչխարի պես, գլուխը դեսոդեն էր ծռում։ նա ուրախ կլիներ ազատվել անախորժ վեճին վկա լինելուց, զարմանալի մարդիկ են այդ «ջահելները», ամեն մի չնչին բան նրանց սրտին դիպչում է։