Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/276

Այս էջը հաստատված է

Այստեղից դուրս չես գնալ, մինչև որ չես խոստովանիլ մեղքդ։

Արշակի աչքերը պսպղացին, բռունցքները սեղմվեցին։

— Թո՛ղ ինձ, ասում եմ, թո՛ղ,— գոռաց նա, ոտները հատակին զարկելով։

— Եթե չես խոստովանիլ, պոլիցիային կհայտնեմ գողությունդ, քեզ կբանտարկեն ու հետո կաքսորեն։

Սպառնալիքը ներգործեց․ Արշակը վախեցավ և խոստովանեց, թե ինքն է կոտրել սեղանի դարանը և փողերը վերցրել։ Դա գողություն չէ, այլ «վերցնել», հարկավոր էր, վերցրեց, իր հոր փողերն են, ուրիշինը չեն։

Մոտ երեք հազար ռուբլուց նրա գրպանում մնում էին երկու հարյուրանոց և մի քանի հատ մանր թղթադրամներ։ Կարևորը Սմբատի համար փողերը չէր, այլ տխուր փաստը. այն, թե ո՞վ է եղել գողության մասնավոր շարժառիթը և ու՞մ վրա են փողերը ծախսվել։ Այս կետի վերաբերմամբ Արշակը ցույց տվեց զարմանալի համառություն։

— Քեզ հետ կին է եղել,— պնդում էր Սմբատը։

— Չի՛ եղել, չի՛ եղել, չի՛ եղել,— կրկնում էր Արշակը։

Սմբատը վճռեց դիմել ստի օգնության։ Նա ասաց, թե «այդ կինը» բռնված է և այժմ բանտում նստած։ Արշակը ցնցվեց․ աչքերի ուռած կոպերը բարձրացան վերև, անշարժ մնացին, քթի պնչերը կապտեցին ու սկսեցին դողալ։ Կուրծքը ուժգին բարձրանում էր ու ցած իջնում։

— Ի՞նչ ասացիր,— գոչեց,— Զինաիդան բանտո՞ւմն է, իմ Զինա՞ն, այդ անկարելի է․․․

— Այո՛, քո Զինան, այդ քնքուշ ու սիրուն կինը հիմա նստած է բանտում գողերի ու մարդասպանների հետ։

— Անաստվածնե՜ր նա մեղավոր չէ, ես եմ մեղավոր, ես եմ փողերը գողացել ու ծախսել։ Նրա մոտ եղած փողերն իրենն են, հորից է ստացել... Ես նրան փող չեմ տվել, այո՛, չեմ տվել, նա ինքը հարուստ է․․․

Արդեն այս խոսքերով Արշակն իրեն մատնում էր։

— Բայց ո՞վ է այդ Զինաիդան, ո՞րտեղացի է, ի՞նչ պտուղ է։