— Պտուղ չէ՛, պարոն, հարսնացուս է, հասկացի՛ր, հարսնացուս։
Այժմ ցնցվողը Սմբատը եղավ։ Ահա ինչ, ուրեմն այդ պատանին հարսնացու էլ ունի։
— Ինչու՞ չպիտի ունենամ, ումի՞ց եմ պակաս, կամ ո՞վ կարող է ինձ արգելել։ Ես պիտի Զինայի հետ Թիֆլիսում պսակվեի, հենց նրա համար էի գնացել։ Ինչու՞ չթողեցիք... Ես նրան ազնիվ խոսք եմ տվել, պիտի կատարեմ, ինչպես ջենտլմեն, թեկուզ բանտ գցեք, կախաղան բարձրացնեք, պիտի կատարեմ։ Սիրում եմ Զինային, հասկանու՞մ ես, ինչ ասել է..․ սեր... Օ՜օ, ես ինձ կսպանեմ, եթե մեզ բաժանեք։
«Ազնիվ խոսք» եմ տվել և այդ ազնիվ խոսքը տասնուվեց տարեկան պատանին կատարում է գողության միջոցով։
— Բայց գոնե ասա. ի՞նչ շրջանի աղջիկ է այդ Զինան, ո՞վ է...
— Նրա ծնողները Մոսկվայումն են։ Շատ ազնիվ աղջիկ է։ Այստեղ առաջ մի լավ ընտանիքում գովերնանտկա էր։ Ես ստիպեցի, որ պաշտոնը թողնի։ Այստեղ Զինայի պես աղջիկ չկա, ֆրանսերեն խոսում է ինչպես փարիզուհի։ Ինձ էլ սովորեցնում է. ինչպե՞ս կարելի է այնպիսի աղջկան բանտ գցել։ Ես ուզում եմ նրա հետ պսակվել և պիտի պսակվեմ։ Ծիծաղում ես, հաա՞, բաս ինչու՞ դու պսակվեցիր առանց ծնողներիդ կամքի և հակառակ մեր կրոնի։ Իմ Զինան էլ քո կնոջ պես կրթված է։ Ի՞նչ էիր մտածում. պիտի գնայի ու մի քթի մազ հայ աղջկա հետ պսակվեի, որ բերանից սխտորի հոտ փչեր, ֆի դոն, մովե...
Սմբատը չգիտեր՝ ծիծաղեր, բարկանար, թե՜ գժատուն ուղարկեր եղբորը։ Այնինչ, Արշակը քանի գնում խրոխտանում էր։ Սկսեց պահանջել, որ իսկույն, առանց մի րոպե հետաձգելու, հարսնացուին ազատեն բանտից։ Զինաիդան այնտեղ կխելագարվի, այնքան քնքուշ է, այնքան բարի սիրտ ունի։ Ա՜խ, Զինա՜, Զինա՜․․․
— Լի՜րբ,— գոչեց Սմբատը այլևս չկարողանալով զայրույթը զսպել,— դու մեր ժամանակի իսկական ծնուդն ես, դու մեր կյանքի այժմյան քաոսի զավակն ես... լի՜րբ... Այդ