Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/28

Այս էջը հաստատված է

մահից հետո պիտի այնքան ծախսե, որքան ոչ ոք դեռ չի ծախսել։ Եվ այսօր հանկարծ հայտնվում է, որ նա լիազոր ժառանգ չէ, այլ իր եղբոր ստորադրյալը՝ հետին գործակատարի ամսականով։

— Ի՞նչ անեմ, ասա՛, Իսակ, ի՞նչ անեմ — հարցնում էր նա ստեպ-ստեպ Մարութխանյանին։

Դեղին-կանաչագույն աչքերն ակնոցների տակից նայում էին այդ պահին շատ մտախոհ։ Պարզ էր, որ Մարութխանյանի գլուխը զբաղված էր շատ արտաքո կարգի լուրջ խնդրով։ Հանկարծ նա կամացուկ իր անշարժ գլուխը թեքեց Միքայելի կողմը և շշնջաց.

— Իրիկնադեմին ե՜կ մեր տուն, խոսելիք ունեմ…

— Ուրեմն հույս կա՞,— արտասանեց Միքայելը մի փոքր ուրախանալով։

— Ե՛կ, կխոսենք...

Հոգեճաշն ավարտվեց, տերտերները պահպանիչ ասացին, հյուրերն սկսեցին ցրվել, բացի Միքայելի ընկերներից ու բարեկամներից։ Նրանք դեռ չգիտեն Մարկոս աղայի կտակի բովանդակությունը, ուզում էին գիտենալ:

Տան ընդարձակ բակում խռնվել էր խեղճերի ահագին բազմություն։ Հանգուցյալի գործակատարներն ու ծառայողները նրանց կերակուր էին բաժանում։ Տիրում էր անասելի աղմուկ և իրարանցում: Կեղտոտ, կիսամերկ մուրացկանները միմյանց հրում էին, զարկում, հայհոյում, աշխատելով իրարու առաջել և մոտենալ խոհանոցին։

Պղնձե հսկայական կաթսաների հնչյունները, շերեփների զրնգոցը, ծառայողների գոռում-գոչյունները, քաղցած խուժանի կառաչյունը, իրարու խառնվելով՝ ասիական բազարի տպավորություն էին գործում։ Կոպտությունը, կեղտը, կերակուրների գոլորշին, ցնցոտիների հոտը նողկանք էին ներշնչում կուշտ և անտարբեր դիտողին։ Մի կույր հայ, փայտով անխնա հարվածում էր աջ ու ձախ իր համար ճանապարհ բանալով դեպի այն կողմ, ուսկից կերակուրների հոտն էր գալիս։ Մի պատանի պարսիկ, նրա փեշերից քաշելով, աշխատում էր ինքն առաջ ընկնել։ Մի ռուս անդամալույծ սայթաքեց, ընկավ մի ասորի կնոջ վրա և