Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/280

Այս էջը հաստատված է

բնակարանը Սուլյանինն էր, բայց Միքայելին ծառայում էր Զարգարյան ընտանիքը։

Դուրս գալուց առաջ Միքայելը անցավ անդամալույծի սենյակը, հարցրեց առողջության մասին։ Շնորհակալություն հայտնեց բոլորին, որ այնպես խնամել էին նրան։ Երբ հերթը հասավ Շուշանիկին, Միքայելի գունատ դեմքը մռայլվեց։

— Գիտե՞ք, ինձ դու՛ք ազատեցիք մահից,— ասաց նա, անվստահ սեղմելով օրիորդի ձեռքը։

Դա նրա սրտի բռնի թելադրությունն էր, որին չկարողացավ դիմանալ։

Քաղաքից նա Զարգարյաևների համար ուղարկեց նվերներ, չմոռանալով երեխաներին և անդամալույծին։ Շուշանիկի համար ընտրել էր ոսկե ապարանջան՝ ադամանդներով զարդարված։ Եվ որպեսզի օրիորդը նվերը չմերժի, նա ուղարկեց ոչ իր, այլ մոր կողմից։

— Այժմ դու պիտի քաղաքումն էլ ինձ օգնես,— դարձավ մի օր Սմբատը Միքայելին,— գործարանն ուզում եմ բանեցնել, մենակ եմ, չեմ կարող բոլոր գործերին հետեվել։

Միքայելը մտածեց մի փոքր և պատասխանեց.

— Ուրախությամբ կկատարեմ, ինչ գործ որ կունենաս։ Բայց կխնդրեի, որ Սուլյանին տեղափոխես քաղաք, իսկ ինձ նշանակես հանքերի կառավարիչ։

Այն մարդը, որ առաջ երկու ժամ շարունակ չէր կարողանում հանքերում հանդարտ մնալ, այժմ ուզում էր այնտեղ ապրել։ Շարժառիթը շատ պարզ էր Սմբատի համար։

— Լավ,— ասաց նա,— արա՛, ինչպես ուզում ես։

Նույն օրն ևեթ Միքայելն առմիշտ տեղափոխվեց հանքերը։

Տխուր դեպքերը հաջորդում էին միմյանց։ Սմբատը գրեթե ամեն օր որևէ առիթով ընդհարվում էր կնոջ հետ։

Թաթախման օրն էր։ Իրիկնադեմին Ոսկեհատը, լուսամուտի առջև նստած, նայում էր դեպի փողոց։ Լսում էր մերձակա եկեղեցու տոնային ուրախ