Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/281

Այս էջը հաստատված է

Այսօր ծանոթ հնչյունները նրան պատճառում էին անսահման տրտմություն։ Այսօր առաջին անգամ նա պիտի նստեր ուրախ սեղանի առանց ամուսնու։ Բայց այս չէր նրա դառնության բուն հիմքը։ Նայում էր եկեղեցի շտապողներին և տխուր հառաչում, մերթ աչքերը վեր բարձրացնելով, մերթ գլուխը շարժելով։ Ծնողներն իրենց երեխաների և տատերն ու պապերն իրենց թոռների ձեռներից բռնած ուրախ-ուրախ դիմում էին եկեղեցի։ Միայն Ոսկեհատն է զուրկ ընդհանուր բախտից, և ինչու՞, տեր աստված, ինչու՞, չէ՞ որ նա ևս տատ է, թոռնիկներ ունի։

Հանկարծ նա աչքունքը սեղմեց, տեսողությունը լարեց՝ երեսը մոտեցնելով լուսամուտի ապակուն։ Տիկին Մարթան, գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, որի մի զույգ բարձր փետուրները դողում էին, ինչպես դրագունի «սուլթան», ուրախ-ուրախ խոսելով, անցնում էր մի գեղեցկադեմ երիտասարդի հետ։ Անծանոթն ինչ-որ ասում էր, տիկինը ծիծաղում էր, աչքերը կոկետաբար ճպճպելով։

Տեսարանը շատ անախորժ թվաց այրիին։ Նա ավելի ուշադիր նայեց, տիկինը կանգ առավ, երիտասարդն ամուր սեղմեց նրա ձեռքը, խորհրդավոր ժպտալով։ Նրանք բաժանվեցին, և տիկինը, իր շրջազգեստի փեշերը կոկետուհու պես բարձրացնելով, որ ցույց տա մետաքսյա ասեղնագործ ներքնազգեստը, անցավ դեպի մյուս մայթը։ Մի քանի րոպե անցած դռները բացվեցին, և շեմքի վրա երեվաց Մարթան պճնված, ինչպես ծաղկած նռնենի։

— Տա՞նն է,— հարցրեց նա, դեմքը ծոմոելով այնպես, որ այրին հասկանա, թե խոսքն Անտոնինա Իվանովնայի մասին է։

— Աստված ոչ գիտե,— պատասխանեց մայրը դառնությամբ։

— Կոլյայիս ուղարկեցի բոննայի հետ եկեղեցի. եկել եմ Սմբատի երեխաներին էլ տանելու։ Այսօրվա օրը թոռներդ պիտի այնտեղ լինեն, որ թշնամիներդ չուրախանան։ Հրամայիր, որ բերեն նրանց այստեղ։

Այրին կանչեց Անտոնինա Իվանովնայի աղախնին, հրամայեց երեխաներին տոնային հագուստ հագցնել և