Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/282

Այս էջը հաստատված է

բերել իր մոտ։ Աղախինը ոչինչ չասաց. վկա լինելով ընտանեկան անվերջ խռովություններին, գիտեր, որ պառավի ցանկությունը կարող է դուր չգալ իր տիրուհուն։ Այսպես էլ եղավ. Անտոնինա Իվանովնան մերժեց երեխաներին սկեսուրի մոտ ուղարկելու, իմանալով, որ Մարթան է պահանջողը և ինչու՛ համար։

— Տեսա՞ր, տեսա՞ր,— Գոչեց Մարթան չարախնդությամբ,— պրծանք, էլ մնաս բարով ասա թոռներիդ։

Այրին պահանջեց իր մոտ Սմբատին, եղելությունը պատմեց։

— Խե՜ղճ մարդ, խե՜ղճ մարդ,— գրգռեց Մարթան եղբորը,— սանձը տվել ես ձեռը, որտեղ ուզում է, քշում է, խե՜ղճ մարդ։ Գոնե այսօրվա օրը նա խնայեր քեզ։

— Զարմանում եմ, ինչո՞ւ համար եք դատարկ բաների համար ահագին աղմուկ հանում։ Մի թե միևնույն չէ, երեխաներն այսօր կգնան եկեղեցի, թե վաղը կամ բոլորովին չեն գնալ։

— Պրծանք, պրծա՞նք,— կրկնեց Մարթան, մշտաշարժ մեքենայի պես պտույտ-պտույտ անելով աթոռի վրա,— այսուհետև քրիստոնեությունը մոռանանք էլի ինչ կա։

— Մարթա՛, տասն անգամ խնդրել եմ, որ կրակի մեջ յուղ չածես, վատ բան է։

— Մարթան մորդ է խղճում, հասկանու՞մ ես մորդ․․․

— Խնդրում եմ, լռի՜ր, լռի՛ր, եթե չես ուզում, որ ինձ կատաղեցնես։ Դու չար սիրտ ունիս․․․

Մարթան չարությունից կապտել էր, մի գույն ևս ավելացնելով իր բազմագույն հագուստին։

— Ա՜խ, անբախտ կնիկ,— դարձավ նա մորը, ի՞նչ չար աստղի տակ ես ծնվել, որ այսպես տանջվում ես։

— Լսի՛ր, ինչ եմ ասում, Մարթա. եթե այս տան մեջ դու միշտ պիտի խռովարարի դեր կատարես, լավ կանես, որ այլևս չգաս այստեղ։ Մարդդ քեզ բոլորովին հիմարացրել է, ես շատ լավ գիտեմ, թե նա ինչու է ջուրը պղտորում, բայց նպատակին չի հասնիլ։ Միքայելը նրան արդեն ճանաչել է, հույս ունիմ, որ դու էլ, վերջապես մի օր կճանաչես։