եկեղեցի գնալ,— շարունակեց նա,— որովհետև պահանջողը և ձեր մորը գրգողը ձեր քույրն էր։ Այդ կինն ուզում է իմ գլխին բռնակալ դառնալ։ Ես երբեք թույլ չեմ տալ, որ տգիտությունն իշխե ինձ վրա։ Ես ոչ ձեր կրոնին դեմ եմ և ոչ ձեր ավանդություններին, ինձ ղեկավարողը միայն և միայն իմ ինքնասիրությունն է, իմ հպարտությունը։ Ինչպես ձերոնք չեն ուզում ստրկանալ, ես ևս չեմ ուզում․..
Դեմքի որոշ կնճիռները, ձայնի զորությունը և աչքերի մեջ փայլող հակակրությունը դեպի նոր շրջանը – ավելի չարացրին Սմբատին։
— Ա՜խ, տիկին,— ասաց նա,— նախանձելի չէ այն մարդու դրությունը, որի կինը համառությունը կամքի ուժ է համարում, իսկ չարությունը՝ բարոյական պայքար։ Ձեր բոլոր դժբախտությունն առաջանում է ձեր հոգու թերի ուղղությունից և մտքի ծուռ կրթությունից։ Դուք ավելի բախտավոր և ավելի լավ կին կլինեիք, եթե չլինեիք այդքան ուսում առած։ Ճշմարիտ, մարդ կամա-ակամա մտածում է, ձեզ ճանաչելով, որ կնոջ գլուխն առհասարակ չափավորից ավելի ուսում տեղավորելու ընդունակ չէ։
— Մի՜թե,— հեգնեց Անտոնինա Իվանովնան,— գուցե սխալվում եք, գուցե մենք միայն ընդունակ չենք, իսկ ձեր կանայք... օ՜ о՜ ...
— Ահա, տեսնու՞մ եք, տեսնու՞մ եք։ Ի՜նչ ասել է «մենք, դուք», «մերը, ձերը»։ Մի՞ թե չեք կարող գեթ մի րոպե մոռանալ այդ տարբերությունը։
— Չեմ կարող, որովհետև ամեն րոպե ինձ հիշեցնում են։ Չէ՜ որ ձեր մոր, քրոջ ու բոլոր ազգականների հակակրանքը դեպի ինձ հենց այդ կետի վրա է հիմնված։ Մի թե ես կույր եմ, խուլ եմ կամ հիմար և չեմ հասկանում քամին ո՞ր կողմից է փչում։
— Եթե հասկանում եք, լռեցե՛ք. եթե չեք կարող լռել, հաշտվեցեք ձեր ճակատագրի հետ։
— Այսինքն...
— Այսինքն այն, ինչ որ մի քանի անգամ առաջարկել եմ ձեզ. տվեք երեխաներին ինձ և գնացեք այնտեղ, ուր ձեր կամակորության համար կարող եք