մի ատելի դարձած կնոջ հետ, չկարողանալ հաղթել ատելությունը, չկարողանալով նաև բաժանվել ատելիից։
Նա ընկղմվեց աթոռի վրա, ձեռները ճակատին սեղմելով և գոչեց.
— Որքա՜ն սխալվեցի, տեր աստված, որքա՜ն սխալվեցի...
Տեսարանը տեղի ուներ միջին ընդհանուր սենյակում, որ ծառայում էր իբրև հյուրասենյակ։ Այրի Ոսկեհատը միայն այդ սենյակն էր երբեմն ոտք դնում։
Երևի, մարդ ու կին շատ բարձր ձայնով էին վիճում, որ գրավեցին դրսում եղողների ուշադրությունը։ Ներս մտան, մեկը մյուսի հետևից՝ այրին, Մարթան, Սրաֆիոն Գասպարիչը, Միքայելն ու աղախինը։
— Ո՛չ ոքի, ո՛չ ոքի չեմ տալ իմ երեխաներին, թող բոլորն իմանան, կսպանեմ, բայց չեմ տալ,— կրկնեց Անտոնինա Իվանովնան բարձրաձայն։— փորձեցեք խլել ինձանից իմ զավակներին և կտեսնեք...
Մայրական հիվանդոտ սերը մթագնել էր նրա ուղեղը, պղտորել աչքերը։ Նրան թվում էր, որ ընկել է վայրենիների ձեռք և պետք է մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանի սիրեցյալներին։
— Ա՜յ, տոն, ա՜յ, ուրախություն, այսօրվա օրը բոլոր քրիստոնյաների տներում ծիծաղ ու պար, իմ ծնողների տանը կռիվ ու արտասուք։ Մամա, մտիկ արա հարսիդ աչքերին, տես ինչ գազան է դարձել ուսում առած կինը, մտիկ արա և ուրախացիր...
Սմբատն այլևս հոգեկան ուժ չուներ քրոջ այրող խոսքերի հոսանքի առաջն առնելու։
Հեռվից լսվում էր տոնային ուրախ զանգահարության ձայնը։ Եվ դա ավելի էր գրգռում նրան։
Այրին ուժգին լալիս էր։ Միքայելը լուռ նայում էր նրան։ Պարզ էր, որ մոր արցունքները ազգում էին նրա վրա։
— Ինչու՞ ճիպոտդ քոլիցգ չկտրեցիր,— ասաց Սրաֆիոն Գասպարիչը։
Սմբատը, դառնությամբ գլուխը շարժելով, նայեց նրան