Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/287

Այս էջը հաստատված է

և դուրս գնաց։ Այդ րոպեին թվաց նրան, որ ամբողջ աշխարհն ըմբոստացել է իր դեմ։

Ամբողջ գիշեր նա տուն չվերադարձավ։

Այրի Ոսկեհատը թաթախման սեղան նստեց միայն իր եղբոր և Միքայելի հետ։ Իսկ Անտոնինա Իվանովնան դռները փակել էր, ոչ ոքի չէր թողնում իր մոտ, ոչ նույնիսկ եղբորը։

VII

Նրա խաղաղ հոգին վրդովվեց։ Նա չկարողացավ ժամանակին մտածել, որ մի միլիոնատեր և ամուսնացած մարդու և մի աղքատ աղջկա մեջ չի կարող լինել ոչ մի առնչություն։ Ինչո՞ւ այնքան ազատություն տվեց զգացումներին, հակառակ խելքի։ Թող Սմբատ Ալիմյանը վարվեր նրա հետ այնքան սիրալիր, նայեր այնպիսի խոր հայացքներով, միշտ ձգտեր նրա հետ խոսել, մերթ հառաչեր խորհրդավոր, մերթ ժպտար ավելի խորհրդավոր — մի՞թե այսքանն իրավունք էր տալիս մի խեղճ աղջկա մոռանալ անդամալույծ հորը, գործակատար հորեղբորը և այս աղքատ կեցությունը։

Նա մեղավոր է ոտից մինչև գլուխ։ Ինչո՞ւ չտեսավ այն վիհը, որ բաժանում է աղքատին հարստից, ազատ աղջկան ամուսնացած տղամարդից։ Նա պիտի լիներ համեստ ոչ միայն վարմունքով, այլև բոլոր զգացումներով, երևակայությամբ, ցնորքներով ու երազներով։ Երբեք այդ առնական հասակը չպիտի գրավեր նրան, երբեք այդ խելացի ու արտահայտիչ աչքերը չպիտի հրապուրեին նրան և ոչ այդ բարեհնչյուն ձայնը շոյեր նրա լսելիքը։ Չէ՞ որ կան բաներ, որոնց մասին մտածելն անգամ մեղք է մի աղջկա և մանավանդ աղքատ աղջկա համար։

Երբ այս մտքերից պաշարված, Շուշանիկը փորձում էր իրեն համոզել, թե դեռ կարող է մոռանալ Ալիմյանին, առնական կերպարանքն ավելի ռելյեֆ էր պատկերանում նրա առջև։ Զուր էր աշխատում վերադարձնել վաղուց կորցրած հանգիստը և զուր ճգնում տնային գործերի կամ ընթերցանության