Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/288

Այս էջը հաստատված է

մեջ գտնել մոռացում։ Նրա նյարդերը լարվել էին, կարծես, րոպե առ րոպե սպասում էր ինչ-որ փոթորկի։ Երբեմն հոգին հուզվում էր այնչափ, որ շունչը սպառվում էր, խառնիխուռն զգացումներից սիրտը թրթռում, ինչպես վիզը կտրած թռչնիկ։ Պատահում էր, որ փորձում էր վերլուծել այդ զգացումները, պարզել, ինչպես նրանք հղացան ու զարգացան։ Եվ խաղաղ մտածումներին միայն սովոր գլուխը շուտով հոգնում էր խառնակ մտքերից, ամեն ինչ ձուլվում էր ու դառնում մի անթափանցելի քաոս...

Աղքատ, աննշան, աշխարհի աղմուկից ու իրարանցումից հեռու, քաղաքի մի խուլ անկյունում վարում էր մի տեսակ մենավոր կյանք, օրերը նվիրած անդամալույծ հորն ու ընտանեկան հոգսերին։ Ոչինչ առանձին բան չէր սպասում կյանքից և ոչ մի լուսավոր կետ էր տեսնում հարյուրավոր մանր-մունր կարիքներով թունավորված գոյության մեջ։ Անգամ անցյալում չէր հիշում մի փայլուն գիծ։ Այնինչ, մինչև տասնվեց տարեկան հասակը չէր իմացել ինչ ասել է կարիք կամ տանջանք։ Թվում էր նրան, թե միշտ եղել է աղքատ, թե միշտ իր հայրը բևեռված է եղել անկողնակալին, միշտ այնպես տրտնջել է ճակատագրի դեմ և միշտ մորմոքել նրա սիրտը։ Այդքա՜ն արդեն ճնշել էր ու աղավաղել նրա երևակայությունը վերջին տարիների ողորմելի կացությունը։

Եվ ահա մի օր հայտնվում է մեկը, թափանցում է նրա ներքին աշխարհը և կարճ միջոցում ձգում այնտեղ անսովոր փոթորիկ։ Տակն ու վրա է անում թմրած հոգին և բռնադատում նրան ավելի սաստիկ ափսոսալ իր հոր անցյալի մասին։ Ա՜խ, եթե նա լիներ հարուստ ծնողների զավակ, այն ժամանակ Ալիմյանի բարեկամական ցույցերից չէր նեղվիլ, կնայեր այդ մարդուն այնպես, ինչպես հավասարը հավասարին։ Ոչ ոք իրավունք չէր ունենալ ասելու․ ինչու՞ այդ երիտասարդն այնքան ուշադիր է դեպի նա։

Օր-օրի վրա նա ծուլանում էր ու դառնում անտարբեր դեպի իր շրջանը։ Ոչ ոք չգիտեր նրա հոգեկան տվայտանքը, որովհետև ո՞վ էր տեսնում նրա գաղտնի արցունքները և լսում խեղդված հառաչանքները։ Միայն մայրական զգաստ