աչքերն էին որ նկատում էին աղջկա հետզհետե նիհարելը, գունատվելը։ Ինչու՞, տեր աստված, չէ՞ որ այժմ Շուշանիկն ավելի լավ է ապրում, քան առաջ՝ քաղաքում, չէ՞ որ նրանք այժմ կուշտ ճաշ էլ ունին, տաք բնակարան էլ. մինչև անգամ ծառա էլ։
Շուշանիկը դառնորեն ժպտում էր. լավ է ապրում, այո՛, ինչ ասել կուզի։ Ո՞րն է այդ ապրուստը. հիվանդ հոր ավելի կծու մրմունջնե՞րը, հորեղբոր ավելի կորացած մե՞ջքը, թե՞ այն շրջապատող ամայությունը, ուր թառամում է Շուշանիկի ծաղիկ կյանքը։ Ո՛չ, նա այլևս անկարող է դիմանալ այս միատեսակ կյանքին, նրա հոգին որոնում է ազատություն մանր-մունր հոգսերից, առօրյա կարիքներից և ձգտում դեպի անծանոթ աշխարհ։
— Ա՜խ, մամա, ի՞նչ կլիներ, որ ինձ թողնեիք գոնե մի ամսով հեռանալ այս տնից։
Երբեք աղքատության լուծն այնքան ծանր չէր թվացել Շուշանիկին, որքան այն օրը, երբ Միքայելը փորձեց ստորացնել նրան։ Նա համոզված էր, որ հարուստը միմիայն աղքատի վերաբերմամբ իրեն թույլ կտա այդչափ հանդգնություն։ Եվ ատելով Միքայելին, զգում էր ատելություն նաև դեպի բոլոր հարուստները, ինչպես և դեպի իր աղքատությունը։
Երբ գիշերվա կեսին բերեցին Միքայելի կիսաշունչ մարմինը, զղջաց, որ այնպես սառն էր վերաբերվել դեպի նա մի քանի ժամ առաջ։ Նրա առաջ պառկած էր անխնա ջարդված մի երիտասարդ, որին դեռ երկու շաբաթ չկար խայտառակ կերպով ապտակել էին հասարակական տեղում։ Կարեկցության զգացումն ավելի զորեղացավ նրա մեջ, երբ մորից լսեց զառանցող հիվանդի արտասանած խոսքերը։ Կնշանակե՝ հիվանդը զղջում է իր արածի մասին․ նա զառանցում է այն, ինչ որ գուցե շատ անգամ մտածել է առողջ ժամանակ։ Իսկ երբ Միքայելի գունատ դեմքի վրա կարդաց նույն զղջումը և լայն բացված աչքերի մեջ նշմարեց ակնածություն, զգաց, որ այժմ կարող է բոլորովին ներել նրան։ Եվ ներեց։
Ամեն օր նա տեսնում էր լուսամատից նոր կառավարչին