Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/292

Այս էջը հաստատված է

— Մի՛ կեղծեք, ի սեր աստծո, կեղծությունը ձեզ չի սազում։ Դուք շատ լավ եք հասկանում, թե ես ինչ եմ ուզում ասել։

Շուշանիկը նայեց լրջորեն նրա գունատ երեսին և զգաց, որ նրա հոգին սաստիկ խռովված է։ Ճակատի վերքից մնացել էր բավական մեծ սպի, որ նրա կանացի կերպարանքին այժմ տալիս էր առնականություն։ Շուշանիկը շփոթվեց նրա աչքերի փայլից և, գլուխը կրծքին թեքելով, հանդարտիկ շարունակեց ճանապարհը։

— Միայն մի րոպե, օրիորդ,— գոչեց Միքայելը,— դուք շատ եք շտապում, իսկ ես կկամենայի մի քանի խոսք ասել, միայն մի քանի խոսք։ Չգիտեմ՝ ինչպես ասեմ, բայց պիտի ասեմ... Թույլ տվեք անկեղծ լինել, այս հարկավոր է թե՛ ինձ և թե՛ ձեզ համար․․․

— Հրամայեցե՛ք,— ասաց Շուշանիկը կանգ առնելով և ձեռներն անփույթ դնելով կրծքին, գլուխը թեթևակի աջ ուսին թեքելով,— ես պատրաստ եմ լսել ձեզ։ Արդեն նա վճռել էր մտքում այս անգամ բացարձակ և աներկյուղ հայտնել, որ իր և այդ մարդու մեջ չկա և չի կարող լինել ոչ մի առնչություն։

Կարճատև տատանումից հետո Միքայելն սկսեց խոսել։ Զգացումների բուռն հոսանքից չգիտեր՝ ինչի՞ց սկսի և ինչպե՞ս։ Կամենում էր միանգամից արտահայտել բոլորը, ինչ որ մտածել ու զգացել էր վեց-յոթ շաբաթվա ընթացքում, բայց վախենում էր, մի գուցե օրիորդը խստորեն ընդհատի նրա խոսքը և հեռանա։ Եվ սկսեց իրեն պարսավել ոչ միայն իր սխալի համար, այլև ընդհանրապես։ Նա խոստովանում էր, որ ինքը փչացած մարդ է, առանց ձգտելու բացատրել իր բարոյական անկման արդարացուցիչ պատճառները։ Այն օրից, երբ Շուշանիկը հրեց նրան, սկսեց զգալ, որ, ճշմարիտ, սխալված է եղել առհասարակ կանանց մասին, չափելով բոլորին միևնույն չափով։ Նա սկսեց մտածել ավելի լուրջ, հարգել կնամարդին այնպես, ինչպես երբեք չէր հարգել։ Շուշանիկի սառնությունն ու արհամարհանքը զորացրին նրա մեջ անսովոր զգացումը։ Որքան օրիորդը երես դարձրեց, այնքան կին էակը բարձրացավ նրա աչքում։ Որքան