Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/293

Այս էջը հաստատված է

նա հպարտ պահեց իրեն, այնքան ինքն ընկավ իր աչքում։ Շուշանիկը, և միայն նա՛ զգալ տվեց, թե որքան փուչ է եղել իր կյանքը։ Նա՛, միայն նա անգիտակցաբար արավ նրա համար այն, ինչ որ ահա մի քանի ամիս է, աշխատում է անել իր եղբայրը։ Նրան վիրավորեցին հասարակության մեջ։ Եղբայրն ամբողջ ժամերով աշխատում էր համոզել նրան մոռանալ այդ վիրավորանքը, բայց չկարողացավ։ Նա միայն և միմիայն Շուշանիկի պատճառով կուլ տվեց ամոթալի ապտակը։

Մի՞թե այս բոլորը չի ուրախացնում օրիորդին, մի՞թե նա չի պարծենում իր բարոյական զորությամբ և ազդեցությամբ։ Մինչև այսօր Միքայելի ականջներին հնչում են այս խոսքերը․ «որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։ Հասկանում է նա այդ զանազանությունը և տեսնում, որ իր եղբայրը բարձր է իրենից բարոյապես։ Ուրեմն Շուշանիկն ունի իրավունք նրան ատելու, Սմբատին հարգելու, նրան պախարակելու, Սմբատին գովելու։ Ինչու՞ է նա երեսը դարձնում, ինչու՞ է թաքցնում իր զգացումները, մի՞թե կարծում է, որ Միքայելը ոչինչ չի տեսնում, ոչինչ չի զգում։

— Չէ՞ որ դուք նրան սիրում եք, այո՛, սիրում եք։ Կարմրեցե՛ք, չարացե՛ք, բայց ես ճշմարիտն եմ ասում։ Էհ, ի՜նչ արած, ուժով սիրելի դառնալ չի կարելի։ Ատեցե՛ք ինձ, որքան ուզում եք, այսուհետև ես ձեզ հանգիստ կթողնեմ, միայն հասկացե՛ք, ես այնքան էլ փչացած չեմ, որքան կարծում եք, որ իմ սրտում դեռ կա մաքուր անկյուն։ Եվ մի օր, մի օր կտեսնեք, որ այդ անկյունը պահված է ձեզ և միմիայն ձեզ համար։

Նա մի քանի քայլ առաջ անցավ, նորից կանգնեց գունատ, շնչասպառ։

Շուշանիկը տակավին լուռ էր, մերթ կարմրում էր, մերթ գունատվում, մերթ ուզում էր քայլերն արագացնել և շուտով տուն հասնել, մերթ վախենում էր՝ մի գուցե այսպիսով դրդի Միքայելին ավելի համարձակ դառնալու։ Միևնույն ժամանակ, ակամա հետաքրքրվել էր երիտասարդի զգացումներով և ուզում էր լսել նրան։ Վախենալով և դողալով՝ նա ցանկանում էր իմանալ, վերջապես, ի՞նչ է պահանջում իրենից