Նա ազնիվ է, նա չի թույլ տալ իրեն այդչափ վատ գաղափար ունենալ Շուշանիկի մասին։
Բայց այդպես շարունակել այլևս անհնարին է։ Դա հիմարություն է, նույնիսկ խելագարություն է՝ սիրել մի եղբորը, հետամուտ լինելով մյուսից, ձգտել դեպի մեկը, փախչելով մյուսից։ Պիտի մոռանալ ամեն ինչ և դարձյալ անձնատուր լինել նախկին կյանքին, բավական է, որքան հիմարացավ։ Սակայն ինչպե՞ս, տեր աստված, ինչպե՞ս։ Նա ականջ էր դնում շոգու աղմուկին և լսում էր բարեհնչյուն ձայնը, նայում էր փողոցի մթությանը և տեսնում միայն առնական կերպարանքը։ Ամենուրեք նա, և միմիայն նա։ Կարծես, դա մի չար ոգի է, որ մի անգամ ընդմիշտ վճռել է քայքայել նրա հանգիստը և հասցնել նրան մինչև խելագարության։ Տեր աստված, մի՞թե այս է սեր ասված բանը, այն, ինչ որ կարդացել է հարյուրավոր վեպերում հարյուրավոր վարիացիաներով։ Եթե այո՛, ինչո՞ւ ասում են, թե սիրո նույնիսկ դառնությունը հաճելի է։
Շուշանիկը նստեց սեղանի քով։ Նրա գլխում ծագել էր մի հանդուգն միտք— դեն ձգել նախապաշարումները և համարձակորեն հաղորդել նամակով բոլոր տվայտանքը Սմբատ Ալիմյանին։ Թո՛ղ, վերջապես, իմանա, թե ինչ արավ նա մի խեղճ գործակատարի խեղճ եղբորորդուն։ Ի՞նչ կա վախենալու, ինչո՞ւ չլիներ համարձակ...
Նա գրեց մի երես, կարդաց, ամաչեց, պատռեց, դեն ձգեց, նորեն սկսեց և դարձյալ պատռեց։ Գրիչն անզոր էր արտահայտելու իսկական զգացումները։
Թիկն տվեց աթոռին, ձեռները թուլացած դնելով ծնկների վրա։ Ո՛չ, ամոթ է, ի՞նչ գրի և ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։ Այդ մարդը կարող է ծաղրել նրան և արհամարհանքով դեն շպրտել նրա հիմար նամակը։
Դրսի մթությունն սկսեց փարատվել, արևելքը գունատվեց, ապա կարմրեց և հետո դեղնեց։ Արեգակը հանդարտիկ բարձրացավ հեռավոր թումբերի հետևից։ Փետրվարի անվստահ և թույլ արեգակը, որի ճառագայթները պաղում են դեռ երկրին չհասած։
Լսվեց երեխաների ձայնը, հետո անդամալույծի սիրտ