Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/298

Այս էջը հաստատված է

երիտասարդի գիրկը։ Այն ժամանակ նա կարծում էր թե այդ մարդու սերը կարող է լինել անշեջ, կարծում էր նաև, որ ահա գտավ վաղուց որոնած մեկին, որին կարող էր իր ուզած ձևը տալ, ինչպես կակուղ մոմի։ Բայց նետը քարին դիպավ։ Նա հանդիպեց իր չափ անշեջ մի բնավորության, որ չէր ուզում զիջանել շատ անձնական նախապաշարումներ։ Երկուսն էլ ուսում առած, զարգացած՝ ունեին տարբեր դրոշակներ — այս չէ՞ր, արդյոք, փոխադարձ գժտությունների առաջին հիմքը։ Իսկ երբ ավելի ծանոթացան միմյանց, առաջ եկան բյուրավոր հակասություններ։ Մանր դեպքերը խոշորացան, պարզվեց այն անդունդը, որ անջատում է երկու միմյանցից հիմնավորապես տարբեր շրջանների մարդկանց։

Ով գիտե, գուցե նա սիրեր այդ մարդուն երկար տարիներ, եթե սիրվեր նրանից։ Բայց այն պահից, երբ զգաց նրա սառնությունը, ինքնասիրության կայծը բորբոքվեց նրա մեջ։ Իսկ հետո, երբ Սմբատն սկսեց արդեն ուղղակի նրա երեսովը տալ տարիքը, նախանձի վիրավորված զգացումն ավելի զարգացրեց նրա մեջ թշնամություն։ Իբր թե թառամել է, իբր թե, մի երկու տարի իր մարդուց մեծ լինելով, արդեն ծեր է նրա համար...

— Ծեր եմ, գնա երիտասարդ կանանց հետևից ընկիր,— ասաց նա դեռ հինգ տարի առաջ։

Սմբատը զղջաց իր կոպիտ նկատողութան համար։ Նա չէր ուզում ընկնել ուրիշ կանանց հետևից։ Նա ասաց, «խաբվել է» և պարտավոր է իր սխալի հետևանքները կրել։ «Խաբվել»— ահա մի բառ, որ ասեղի պես ցցվում էր Անտոնինա Իվանովնայի սիրտը։ Ո՛չ, նա ինքը խաբվեց և միայն ինքը։

Դեռ Մոսկվայում, իր մայրենի շրջանում, նրանք կենակցում էին մի կերպ զավակների սիրո անունով։ Այնտեղ Սմբատն ավելի զիջող էր, ավելի մեղմ, նույնիսկ հարմարվողր Այնտեղ գոնե միայն նա էր Անտոնինա Ւվանովնայի դատավորը։ Իսկ այժմ մի օտար կին, շրջապատված իր հոգուն ու մտքին խորթ անձերով, ինչպես կրե բոլորի հալածանքները։ — Ինձ թվում է, որ ուսումը ձեզ վրա շատ քիչ