Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/299

Այս էջը հաստատված է

ներգործություն է ունեցել։ Ձեր հայացքները, կարծես, ոչնչով չեն տարբերվում ձեր շրջանի աշխարհայացքից։ Դուք հնության ու նախապաշարումների դեմ կռվելու տեղ նրանց պաշտպան եք հանդիսանում։ Դուք ձեր շուրջը լույս տարածելու փոխարեն ինքներդ կլանվում եք խավարից։ Մի մոլեռանդ պառավ հալածում է ինձ, դուք նրան կողմնակի խրախուսում եք, մի՞թե այդ է ձեր ուսման ու զարդացման ուժը․․․ Մի՞թե ներելի է այդքան մոլեռանդ լինելը...

Այս ասում էր Անտոնինա Իվանովնան մեծ պասի առաջին շաբաթ օրը, երբ նա երեխաներին տարել էր եկեղեցի և հաղորդություն տվել։ Այդ օրն այրի Ոսկեհատի համար դառն օրերից մեկն էր։ Նա լալիս էր, որ իր որդու զավակները խորթ են իր մայրենի եկեղեցուց։ Նա ընդհարվեց որդու հետ հարսի ներկայությամբ։ Անտոնինա Իվանովնան դիմադրեց նրան, և հարս ու սկեսուր միմյանց ուղղեցին վիրավորական դարձվածներ։ Սմբատը ոչ մեկին չպաշտպանեց։ Միայն հետո առանձին Անտոնինա Իվանովնային ասաց, թե պառավն իր տեսակետից բոլորովին իրավացի է, թե նա ուրիշ կերպ չի կարող մտածել։ Այս էր, որ վիրավորեց տիկնոջը և դրդեց այս անգամ իր հանդիմանությունը հիմնել ամուսնու «մոլեռանդ հայացքների» վրա։

— Զարմանում եմ,— գոչեց Սմբատը կծու հեգնությամբ,— զարմանում եմ, որ դուք ամեն բան ինձանից եք պահանջում։ Դուք ուզում եք, որ միայն ես լինեմ զիջող, վեհանձն և մոռացկոտ։ Եթե ուսումն ու զարգացումը կարող են մարդու մեջ իսպառ մեռցնել բոլոր դարավոր ավանդությունների հետքը, ինչո՞ւ ձեր մեջ չեն մեռցնում։ Ինչո՞ւ դուք մի մոլեռանդ և ծեր կնոջ հետ մրցում եք գրեթե հավասար զենքով, իսկ ինձանից պահանջում եք անպայման հնազանդություն ձեր բոլոր ավանդություններին․․․ Դրեք ձեր զենքը մի կողմ, ես էլ կդնեմ։ Ես զոհել եմ էականը, դուք զոհեցեք ձևականը։ Համառություն մի՛ արեք, ես էլ չեմ անիլ։ Փոխադարձ զիջողություն— ահա իմ ուզածը։ Դուք ձերն եք պնդում, ինչո՞ւ ես էլ իմը չպիտի պնդեմ։ Ինչո՞ւ եք օգտվում ձեր զորեղ զենքից...

— Ուժը գործ է դրվում համառության դեմ։ Ես մոլեռանդ