Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/30

Այս էջը հաստատված է

կրծոտելով, ճգնում էին իրենց համար ճանապարհ բանալ։ Կային թոքախտավորներ, որ անզոր էին առաջ շարժվելու, այնքան հյուծվել էին նրանց մարմինները, կային բորոտներ անգամ, որոնցից խուժանը չէր զգուշանում։ Պատանիներն արմուկների հարվածով միմյանց քիթ ու ծնոտներն էին ջարդում։ Կանայք, ճչալով ու հայհոյելով, իրարու մազերն էին քաշկռտում: Պարսիկներն օրհնում էին հանգուցյալի հիշատակը և աղերսում նրա համար երկնային դրախտ։ Քրիստոնյաներն անզուսպ հայհոյում էին «անհավատներին», անխնա ծեծելով նրանց։ Խլացուցիչ ժխորի մեջ լսվում էին զանազան լեզուներով ամենակեղտոտ ածականներ, ամենազազրելի հիշոցներ, որ դարերի ընթացքում կազմվել էր ցեխի ու կեղտի ձուլարանում, ուր ապրում են ու շնչում մարդկային մերկությունն ու անոթությունը։ Մարդկության ամոթն էր այդ և դաժանությունը, անարգանքը բնության և ծաղրը տիրող կարգ ու կանոններին և ապիկար օրենքներին։

Տեսարանը հետաքրքրել էր հյուրերից շատերին։ Պատշգամբի վրա ժողովված, նայում էին դեպի վար և… զվարճանում, տեսնելով ապականության մեջ տրորվող մարդկային հոգին ու մարմինը։ Դրանք մեծ մասամբ հարուստների զավակներ էին, որոնք իրենց անվանում էին «ոսկե երիտասարդություն»։

— Զո՞ւյգ, թե՞ կենտ,— ասում էր շարունակ Մովսես Բաբախանյանը մեկին կամ մյուսին և խոշոր թղթադրամները մերթ առնում էր ու մերթ տալիս։

Այստեղ էր նաև ազատամիտ լրագրի թղթակից Արմենակ Մարզպետունին, թուխ դեղնագույն դեմքով, մեծ քթով մի երիտասարդ, հագին երկայն վատ կարված ռեդինկոտ, սրի անթիվ ծալերը ցույց էին տալիս, որ նոր է սնդուկից դուրս բերվել։ Տեսարանը նրան թելադրում էր մի հոդված, որ պիտի կրեր «Հակադրություն» վերնագիրը։ Նայում էր վար — քաղցի ու մերկության սոսկալի պատկեր, ուր մարդիկ շներից չէին տարբերվում։ Նայում էր վեր — կշտության ու անհոգության կենդանի մարմնացում։ Այնտեղ կիսամերկ մարմիններ, կեղտոտ ու գզգզված մազերով ողորմելի