Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/300

Այս էջը հաստատված է

կին չեմ, բայց տեսնելով իմ շուրջը մոլեռանդություն, ուզում եմ օգտվել իմ զենքից։ Ես չէի մրցիլ, մինչև անգամ հիմարություն կհամարեի այս տեսակ մրցում, եթե ձեր մայրը, քույրն ու բոլոր ազգականներն ինձ հարազատ աչքով նայեին։ Բայց ոչ միայն նրանք, այլև ձեր ամբողջ հասարակությունն ինձ գաղտնի արհամարհում է և ձեզ անարժան համարում։ Ես քիչ եմ եղել այդ հասարակության մեջ, բայց շատ եմ զգացել։ Նրա արտաքին ձևական հարգանքի տակ ես նկատել եմ խորին ատելություն։

— Որովհետև կասկածամիտ եք, որովհետև ձեր երևակայությունը թունավորված ...

— Ո՛չ, սիրտն ինձ չի խաբում այս հանգամանքում։ Մարդ պիտի հիմար լինի, որ չզգա այն, ինչ որ ես եմ զգում․․․ Կարո՞ղ եք երդվել ձեր զավակներով, որ ես սխալվում եմ...

Սմբատը լռեց։ Կնոջ խոսքերի մեջ զգաց որոշ չափի ճշմարտություն։

Կես ժամ անցած Անտոնինա Իվանովնան իր սրտի դառնությունն արտահայտում էր եղբոր մոտ։ Իսկապես նա Ալեքսեյ Իվանովիչին համարում էր անզոր որևէ խելացի խորհրդով իրեն օգնելու, բայց և այնպես շատ անգամ էր խորհրդակցում նրա հետ իր անելիքի մասին։ Ուրիշ ոչ մի բարեկամ չուներ, որին հասկացներ իր վիշտը։

— Գիտե՞ս ինչ,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը, դեմքին փիլիսոփայական արտահայտություն տալով,— կուզես չարացիր, կուզես հայհոյիր ինձ, դարձյալ կասեմ, որ մարդկանց չես ճանաչում, այսպես ասած, հոգեբան չես։ Այդ ասիացիները չափազանց համառ են, իսկ համառ մարդկանց հետ համառությամբ մրցել չի կարելի։ Նրանց վրա կարելի է ազդել միայն, այսպես ասած, սիրով ու փաղաքշանքով։ Ո՛չ Սմբատ Մարկիչը կբաժանվի երեխաներից, ոչ դու կարող ես բաժանվել։ Արի դու լսիր իմ ծրագիրը և կատարիր․․․

— Քո ծրագի՞րը,— կրկնեց Անտոնինա Իվանովնան հետաքրքրված։

— Այո՛, իմ ծրագիրը, սիրելի քույրիկս, որովհետև ծրագիր եմ կազմել քո մասին։