Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/302

Այս էջը հաստատված է

Հասկանու՞մ ես, Պետերբուրգ և ոչ Մոսկվա, որովհետև Մոսկվան հայրենիքդ է, եթե անունը տաս, բարեմիտ կողակիցդ կխրտնի․․․

Հետո՜, հետո՜,— կրկնեց Անտոնինա Իվանովնան անհամբեր։

— Էհե՜, տեսնում եմ, որ ոգևորվում ես,— շարունակեց Ալեքսեյ Իվանովիչը, սիգարն ուղղահայաց մոտեցնելով բերանին, որպեսզի մոխիրը չթափվի,— այդ լավ նշան է։ Հետո, իհարկե, կհամոզես, որ երեխաներիդ անունով մի խոշոր գումար, ենթադրենք երկու կամ երեք հարյուր հազար մտցնի Պետերբուրգի բանկերից մեկը, է՜հ, մի գումար էլ, այսպես ասած, իր թանկագին կիսի, այսինքն՝ քո անունով։ Սպասի՛ր, ի՞նչ ես պտուտակի պես պտույտ-պտույտ անում բազկաթոռի վրա։ Այո՛, հետո, այսպես ասած, տակտիկադ քիչ-քիչ առաջ կտանես ու... Անդորրագրերը նրանից, այսպես ասած, ազնիվ եղանակով կվերցնես․․․ դե, թող վերջացնեմ է՜է․․․ Այն ժամանակ, ես քո խոնարհ ծառան, այստեղ եմ, հո այստեղ։ Քեզ կտանեմ երեխաներիդ հետ Պիտեր, այսպես ասած, հողմի թևերով։ Դու կսկսես ծախսել քեզ հատկացրած գումարը։ Ալիմովը փոքր առ փոքր կմոռանա երեխաներին։ Ժամանակն ու տարածությունը սիրո, եթե կարելի է այսպես ասելք սղոցներն են։ Իսկ դու էէ՜, կմոռանաս ու կմոռանաս Ալիմովին։ Այն ժամանակ, քույրիկս, կհիշես, որ մարդու կյանքում կա, այսպես ասած, և երկրորդ երիտասարդություն, իսկ Պետերբուրգը գիտես, որ Ասիա չէ...

— Բավակա՜ն է,— գոչեց քույրը խորին զզվանքով,— բավակա՜ն է։ Գիտեի, որ փչացած մարդ ես, բայց չգիտեի, որ այդքան վատ ես ճանաչում ինձ։ Դիմել կեղծիքի, խաբեբայության, ստորանալ, կորզել նրանից փողերը և այդ փոսերով․․․ Լռի՛ր, դու ավելի վատ կարծիք ունես իմ մասին, քան թշնամիներս․․․

— Հավատացնում եմ քեզ, որ ավելի հանճարեղ ծրագիր հազիվ թե ինքը Թալեյրանը կարողանար հնարել։

— Ահա ինչ, Ալեքսեյ, ժամանակ չէ՞ արդյոք, որ դու վերադառնաս Մոսկվա,— հարցրեց քույրը, խոսքը հանկարծ փոխելով, որ միանգամից վերջ տա նրա շաղակրատությանը։